

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման գլխավոր հարցերից մեկը Ալիեւի համար Ղարաբաղյան խնդիրն էր, իսկ Գերմանիայի համար է՛լ առավել կարեւոր էին մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրնեը, որոնք Գերմանիան բարձրացրեց Ադրբեջանի ղեկավարի առջեւ: Այս կարծիքն է այսօր հայտնել հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ալիև-Մերկել հանդիպմանը: Հանրապետական պատգամավորն ու Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են Եվրամիություն-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում վերջին զարգացումները՝ կապված ԼՂՀ հիմնախնդրի հետ:
«Առաջիկայում հենց այդ հայտարարությունների ոգուն եւ տառին համահունչ զարգացումների մենք պիտի սպասենք»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ՝ այսօր շատ բարենպաստ պահ է եւ պետք է կարողանալ օգտվել այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձություններից, որոնց մեջ, նրա գնահատմամբ, մեր դիվանագիտությունը ոչ մի մասնակցություն չունի: Միաժամանակ, ըստ նրա, աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանն այսօր չպետք է ակտիվություն ցուցաբերի:
«Հիմա սկսվել է Եվրոպա-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունու գլոբալ բախումը, որից մենք կարող ենք քաղել առավելագույն օգուտներ, եթե որեւէ մեկի կողմը չբռնենք»:
Պետք է սպասել հետագա զարգացումներին, որովհետև, ըստ Անուշ Սեդրակյանի, այս պահին Թուրքիան կորցնում է իր դիրքերը Արևմուտքում. Գերմանիան այլևս ցանկանում է զրկել Թուրքիային տարածաշրջանային հեգեմոն լինելու հնարավորությունից։ Բանախոսը շեշտեց, որ այս պահին Հայաստանի համար կարեւորը ներքին խնդիրները լուծելն է, որից ածանցվում է Հայաստանի և ԼՂ-ի անվտանգության ապահովման հարցը: Մեզ հիմա պետք է կոնսրուկտիվ պասիվություն՝ ձեւակերպեց Անուշ Սեդրակյանը. «Քննարկվում է օդային տարածքը Ռուսաստանին հանձնելու խնդիրը, ես ասում եմ, որ ընդհանրապես դեմ եմ որևէ մեկին օդային տարածք տալուն: Այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ՝ որեւէ մեկին»:
Մեկ անգամ չէ, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը Հայաստանին միայնակ է թողել Ադրբեջանի հետ՝ շեշտեց Անուշ Սեդրակյանը: Ընդդիմադիր գործչին հակադարձելով՝ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց. «Մենք մեր օդը որեւէ մեկին չենք տալիս: Եթե անալիզիա անենք, կստացվի, որ ամբողջ Եվրոպան էլ իր օդն էլ զիջել է ԱՄՆ-ի՞ն»:
Ըստ Արտակ Դավթյանի՝ այդ առումով Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, քանի որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը ՀԱՊԿ-ն է, և «նրա հետ պետք է կառուցենք մեր, այսպես ասած, անձրևանոցը»։ Ի՞նչ ենք ստանում, երբ մեր հիմնական մտահոգությունը՝ Ղարաբաղը մնում է անպաշտպան եւ չի մտնում այդ հովանոցի ներքո՝ հռետորական հարցադրումն առաջ քաշեց Անուշ Սեդրակյանը՝ հավելելով նաեւ, որ առանց օդային տարածքի վերաբերյալ պայմանավորվածությունների էլ, ՀԱՊԿ-ի հետ ունենք պայմանագրեր, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, իրենց չեն արդարացնում:




