
Հակառակորդը գիշերը գնդակոծել է Բաղանիս գյուղը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը՝ հավելելով, որ այդ կրակոցները դպրոցական քննություններին չեն խանգարել:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է, որ հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը:
Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:
Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով:
Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը:
«Հ.Գ. Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- գրառել է համայնքապետը:




