

Կառավարությունն ընդունեց մի շարք որոշումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ ստեղծելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը և այլն: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ՊՆ գործող պոլիկլինիկայի (զորամասի) բազայի վրա կստեղծվի «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ:
Պոլիկլինիկայի ստեղծումը կնպաստի զինված ուժերում ընդհանուր հիվանդացության անկմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը, հիվանդությունների հնարավոր բարդությունների նվազագույնի հասցնելուն, զիծառայողների շրջանում հիգիենիկ մշակույթի և առողջ ապրելակերպի ձևավորմանը և այլն:
ՀՀ զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման, զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացնելու համար կառավարությունն ընդունել է ՀՀ ՊՆ գործող ծառայության (զորամասի) բազայի վրա «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում:




