

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով որոշ պարզաբանումներ է ներկայացրել «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Հարցին, թե ինչպիսին են ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նախագահների երկխոսությունից փորձագիտական խմբերի մակարդակով պարբերական քննարկումների անցնելու հնարավորությունները, Պոպովը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ փորձագիտական մակարդակի դուրս գալու հնարավորությունը կախված է կողմերի պատրաստակամությունից` հաղթահարելու հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ առկա տարակարծությունները և հասնելու շրջանակային համաձայնագրի, ինչից հետո էլ հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, ասել է ռուս միջնորդը:
Այս ամիս, ինչպես նախանշվել էր, սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպում ու դրա նախաշեմին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ որոշ հայտարարություններ է արել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ու աշխատակազմի ավելացման, հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Անդրադառնալով վերջին հարցին՝ Պոպովը շեշտել է, որ Վիեննայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը սկզբունքորեն համաձայնել են բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության հարցում:
«Հույս ունեմ, որ կառուցողական մոտեցումը կհաղթանակի: Ինչ վերաբերում է զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա բարձր մակարդակով ձեռք է բերվել համապատասխան մեխանիզմների ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն և այժմ ԵԱՀԿ փորձագետները զբաղված են այդ հարցով», — ասել է ռուս միջնորդը՝ նաև տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ու սպասում են կողմերի եզրակացություններին:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հետաքննության մեխանիզմների ներդրումը Ադրբեջանի համար քաղաքական զսպող միջոց է համարում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման մասին հարցին ի պատասխան՝ ՄԽ համանախագահը շեշտել է, որ ժամանակ առ ժամանակ թեման նետվում է լրատվական դաշտ ու ակտիվորեն առաջ մղվում: «Սակայն համանախագահների միջնորդությամբ բանակցությունների ընթացքում ոչ կողմերի, ոչ էլ մյուս միջնորդների հետ շփումներում առաջ չի քաշվել համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն»,- ասել է դիվանագետը՝ պարզաբանելով, թե կարգավորման համաձայնություն ձեռք բերելը կախված չէ համանախագահների թվից, այլ միայն փոխզիջման հասնելու կողմերի պատրաստակամությունից:
Շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հարցը, ըստ Իգոր Պոպովի, կարող է առաջանալ կարգավորման հիմնական համաձայնությունների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: «Խաղաղապահների տեղակայմանը պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ: Խաղաղապահ զորակազմ ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից»,- պարզաբանել է Պոպովը: Ի դեպ՝ Պոպովը նաև խոսել է բանակցութոյուններում Արցախի մասնակցության մասին ու նշել, որ ԼՂ հակամարտության կարգավորման որոշակի փուլում, օրինակ շրջանակային համաձայնության հասնելուց հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին:
Մինչ այդ՝ ինչ սպասել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ առաջիկայում սպասվող հանդիպումից՝ հարցրեցի քաղաքագետ Սերգեյ Մինասյանին:
Բաքուն բարդ ընտրության առաջ է կանգնած. կամ լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի, կամ ապրիլյան ռազմական գործողությունների կրկնությանը կդիմի, կամ կհամաձայնի ներդնել հետաքննւթյան մեխանիզմներ, կամ կհամակերպվի նոր ստատուս-քվոյի հետ՝ նշեց Սերգեյ Մինասյանը, ում կարծիքով դժվար թե լուրջ առաջընթաց գրանցվի առաջիկա բանակցություններում:




