

Հայաստանի Աժ-ում այսօր հնչել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու պահանջ: Պատճառը երեկ արված նրա հայտարարություն-նամակն է՝ ուղղված Էրդողանին, ուր արքեպիսկոպոս Աթեշյանն իր ափսոսանքն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւի համար: Քայլը պետական ազգային դավաճանություն է որակել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նման տրամադրությունները, սակայն, ԱԺ- ում կիսում են ոչ բոլորը: Օրինակ՝ հանրապետական խմբակցության անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը փորձել է նույնիսկ հասկանալ հոգեւորականի նման հայտարարության դրդապատճառները:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահին՝ նշելով, որ «հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից» եւ բանաձեւի ընդունումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։




