Հասարակություն

Մայր Աթոռը ցավում է Աթեշյանի՝ Էրդողանին հղված նամակի համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։

«Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», – ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

«Պետք չէ վիրավորել և այպանել այս իրավիճակում, պարզապես վերհիշեք, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։ Հայոց պատրիարքարանը պատասխանատվություն ունի հայ համայնքի համար. կարծում եմ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Վերստին՝ չեմ բացառում հարկադրանքը», – նշել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» պարբերականի տեղեկացմամբ` Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում Աթեշյանը, ըստ էության, դատապարտել է այդ բանաձևի ընդունումը և, ըստ թերթի, նշել. «Որպես Թուրքիայի հայ համայնք` մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»: Պատրիարքի փոխանորդը նաև նշել է, թե ինքն արտահայտում է Թուրքիայի հայ քրիստոնյա քաղաքացիների կարծիքը, ովքեր բարեխղճորեն կատարում են թուրքական պետության հանդեպ իրենց պարտավորությունները:

Back to top button