

Միասնական քննությունները շարունակվում են: Դիմորդ շրջանավարտներն այսօր քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Գնահատման և թեստավորման կենտրոնն այս առարկայի համար ստացել է 6266 հայտ: Քննությունն անցկացվել է բոլոր 30 քննական կենտրոններում: Քննության համար նախատեսված է 3 ժամ, որը հաշվում են քննության մեկնարկի րոպեից: Քննության ընթացքին և դիմորդների տրամադրությանը ծանոթանալու նպատակով Երեւանի թիվ 170 դպրոցում տեղակայված քննական կենտրոն է այցելել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նկատել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հասարակական լարվածություն չկա:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն հանձնողների թիվն ամենամեծն է, իսկ դիմորդների տրամադրությունը ինչպես միշտ փոփոխական և յուրաքանչյուրի մոտ տարբեր: Քննության ընթացքին և դիմորդների տրամադրությանը ծանոթանալու նպատակով Երեւանի թիվ 170 դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նկատեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հասարակական լարվածություն չկա:
«Ռադիոլուրը» հետևել է նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ձևավորված քննական կենտրոնում անցկացվող մայրենիի միասնական քննությանը: Քննության մեկնարկից ընդամենը 20 րոպե անց թեստային աշխատանքը հանձնեց և քննասենյակից դուրս եկավ առաջին դիմորդը: Այս քննական կենտրոնում նախատեսված 159 դիմորդից բացակայում էին 7-ը: Քննական կենտրոնի ղեկավար Կարինե Հայրապետյանը <Ռադիոլուրի > հետ զրույցում հայտնեց, որ քննությունը մեկնարկել է ուղիղ 9-30-ին:
Հիշեցնենք նաև, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձևաթղթերով կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց ճիշտ պատասխաններով:




