

Գերմանիան կարեւորում է շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ այսօր հայտարարել է Հայաստանում այս երկրի դեսպան Մաթիաս Քիսլերը։ Գերմանիան, որպես եԱՀԿ նախագահող երկիր, հույսն ունի, որ կազմակերպության անդամ երկրները կհաստատեն այդ մեխանիզմների ներդրման եւ եԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման համար անհրաժեշտ ֆինանսավորումը։
«Երբ այս տարվա սկզբին Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, հայտարարեց, թե որքան կարևոր է շփման գծում փոխվտահության մթնոլորտի ձևավորումը: Դրա համար անհրաժեշտ է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդալայնումը: Մայիսի 16-ին երկու կողմերի (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների. խմբ.) միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ԵԱՀԿ գերմանական նախագահությունը ջանքեր է գործադրում եւ միջոցառումներ իրականացնում այդ մեխանիզմների ձեւավորման համար։ Հույս ունենք, որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից այդ բյուջեն կընդունվի»,- ասել է Քիսլերը:




