

Գյոատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր պարզաբանել է՝ գյուղացին գիտի, որ բերքը պետք է էժան վաճառի, սակայն՝ ոչ ինքնարժեքից ցածր: Ռոբերտ Մակարյանը նաև 2015-ին մթերված ու մինչ այժմ գյուղացիներին չվճարած խաղողի պարտքին է անդրադարձել: Նշել է, որ 31,5 մլրդ դրամի խաղող է մթերվել, գյուղացիների պարտքը կազմում էր 1,6 մլրդ դրամ: Արարատի մարզի Քաղցրաշեն ու հարակից համայնքների խաղողագործների պարտքի մի մասը նախորդ շաբաթ վճարվել է, մյուսն էլ, գործարանատիրոջ հավաստիացմամբ, առաջիկա օրերի ընթացքում կմարի: Մնացած համայնքներում գործարանատերերն ու գյուղացիները ժամանակացույց ու պայմանագրեր ունեն։ Դրանց համաձայն, վճարումները կատարվում են:
Գյուղացին վաճառվող գյուղմթերքի ցածր, գնորդն էլ՝ բարձր գնից է դժգոհ: Վերջին տարիներին հատկապես գյուղատնտեսական մթերքները մայրաքաղաքի սպառողներին հիմնականում միջնորդավորված են հասնում՝ վերավաճառողների միջոցով: Հատկապես օրվա երկրորդ կեսին Երևանի շուկաներում գրեթե անհնար է գտնել գյուղացու, որից կարելի է իր աճեցրած բերքը գնել: Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչներից են զրուցակիցներս, որոնց հանդիպեցի Երևանի շուկաներից մեկում: Բացի առօրեական դարձած գյուղացիական հոգսերից՝ զրուցակիցներս նաև գյուղմթերքի ցածր գներից են դժգոհում։Խնդիր իսկապես կա, դրա մասին նաև ոլորտը համակարգող գյուղատնտեսության նախարարությունում գիտեն: Հենց թերևս գյուղացի- գնորդ կապը սերտացնելու նպատակով 2011թ – ից Երևանում կազմակերպվում է գյուղմթերքի տոնավաճառ: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ է փաստում. «Մինչ այս, գյուղացիները հնարավորություն չունեին իրենց ապրանքը անմիջապես սպառողին ներկայացնել»:
Գյուղացիների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Այս տարի տոնավաճառները կսկսեն գործել հունիսի 11-ից՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ նախ արդեն ավանդական դարձած Կասյան փողոցում: Հետո արդեն նմանատիպ ևս մեկ շուկա կգործի Մալիբու սրճարանի հարակից տարածքում:
Մակարյանի տեղեկացմամբ, նախորդ տարի յուրաքանչյուր տոնավաճառի ժամանակ վաճառվել է 40-50 տոննա գյուղմթերք։ Կասյան փողոցում 2015-ին կազմակերպվել է 63 տոնավաճառ, Մալիբու սրճարանի հարևանությամբ՝ 51 տոնավաճառ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ: Նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Նախորդ տարիներին սպառողները դժգոհում էին, որ այստեղ էլ վաճառվող գյուղմթերքի գինը բարձր է: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի համոզմամբ՝ «տոնավաճառում վաճառվող մթերքի գները մանրածախ շուկաներից տարբերվում են 10-15 տոկոսով, քանի որ միջնորդող օղակը բացակայում է»:
Ռոբերտ Մակարյանը բացառում է վերավաճառողների ներկայությունը տոնավաճառներում, սակայն չի բացառում, որ շատ վերավաճառողներ կցանկանային հայտնվել այնտեղ: «Մենք վերավաճառողների ինստիտուտը չենք բացառում կամ քննադատում, բայց պետք է հարթակ ստեղծենք, որպեսզի գյուղացիական տնտեսություններն ու քաղաքի բնակիչները միմյանց հետ շփվեն ու անմիջապես գյուղացիներից մթերք գնեն»:
Նշենք նաև՝ հունիսի 11-ին նախատեսված տոնավաճառին մասնակցելու համար գյուղացիներն արդեն պետք է հայտ ներկայացնեն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ), իսկ հանգստյան օրերին անպայման շուկա այցելել անձը հաստատող փաստաթղթով:




