Հասարակություն

Առո՞ղջ, թե՞ հագեցնող սնունդ. Հայաստանում ուտում են քաղցը հագեցնելու համար

hasmikmartirosyan

Ի՞նչ ուտել և ի՞նչպես սնվել՝ խորհուրդ սննդաբանդիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի կողմից: Մասնագետը հորդորում է. «Հիվանդությունները կարելի է կանխարգելել սննդի միջոցով: Կյանքի որակն ու տևողությունը կախված է սննդից: Սնունդը կարող է լինել նաև դեղ: Թե երիտասարդության, թե գեղեցկության վրա է ազդում սնունդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  սննդաբանը։ Ըստ նրա՝ մենք հայերս էներգիան հիմնականում ստանում ենք հացից, մակարոնեղենից ու կարտոֆիլից:

 

Ուտել քաղցը հագեցնելո՞ւ համար, թե՞ ուտել առողջ ապրելու համար: Իրականում երկու տարբերակներն էլ կարևոր են և լրացնում են միմյանց: Բայց այստեղ կա մեկ բայց: Քաղցը հագեցնելու համար ուտելը բերում է առողջական խնդիրների, իսկ առողջ ուտելը՝  երկարակեցության:

Այս բանաձևը սննդաբաները հիմք են ընդունում և կոչ անում սնվելու մշակույթ ձևավորել՝ սննդակարգից բացառելով վնասակար մթերքները և ներառել, ինչպես ասում են, այն բաղադրիչները, որոնց մասին իմացել և օգտագործել են մեր նախնիները: Օրինակ՝ մակարոնեղենի  փոխարեն կարող ենք օգտագործել լոբեղեն, ոսպեղեն, սիսեռ:

Այժմ սննդային այն  տեսակնների մասին է,  որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Ամեն ինչ սկսվում է նախաճաշից: Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս ձմռանը նախաճաշին ուտել շիլա, իսկ ամռանը՝ թարմ մրգից, բանջարեղենից աղցաններ։ Նախաճաշին կարելի է օգտագործել  նաեւ կարկանդակներ, կաթնաշոռ, քամած մածուն, կակաո, հավկիթ: Մի խոսքով, ըստ սննդաբանի, նախաճաշը պետք է լինի էներգիա տվող, երկար պահող, որից հետո նոր կարելի է սուրճ խմել:

Վարդանուշ Պետրոսյանի առողջ սննդի օգտագործման բանաձևումը հետևյալն է. «Առողջ, երջանիկ, մտավոր բարձր կարողություններ ունենալու համար պետք է առողջ սնվել:  Առողջ ուտելիքը ենթադրում է իր մեջ ընտանիքում, սիրելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում, սիրելի մարդկանց կողմից պատրաստված սննդամթերքի ընդունում»:

Ի դեպ, առողջ սննդի բաղադրիչների հետ կապված Հայաստանում շատ մեծ խնդիր կա, որը կապված է երկրի սոցիալ- տնտեսական վիճակի հետ։ Դրա պատճառով առողջ սննդի մի մեծ մաս հասանելի չէ բնակչությանը: «Այս դեպքում առողջարար սնունդն ուղղակի ճիշտ սննդի առկայությունն է»,- նման սոցիալական խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տալիս դիետոլոգը: Անգամ ԱՄՆ  Կոլումբիայի համալսարանի սննդաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերը հիմնականում իրենց էներգիան, կալորիաների մեծ մասը ստանում են հացից, մակարոնեղենից, կարտոֆիլից և շաքարավազից:

Սննդաբան Վարդուհի Պետրոսյանի տվյալների համաձայն, մեր երկրում շաքարավազի օգտագործումը 3-4 անգամ ավելացել է, որը վնասակար սննդի ցանկում զբաղեցնում է առաջին տեղը: «Շաքարավազը համարվում է դատարկ կալորիա, բացի էներգիայից ոչինչ չի տալիս: Բայց այն մարդկանց համար, ովքեր սննդամթերքի պակաս ունեն, բավականին էժան է, կշտացնում է, երկար ժամանակ պահում: Շաքարավազը առողջոթյան տեսանկյունից համարվում է  այս դարի ամենահասանելի, էժան, օրենսգրքով չբացառվող թմրադեղը: Ինչքան մարդիկ շաքարավազ են օգտագործում, այնքան շատ են ուզում: Արտադրողները դա հասկանալով՝ ամեն ինչի մեջ շաքարավազ են ավելացնում»:

Եթե առողջ սնվելու և սննդի հասանելիության խնդիրը զուգահեռվում է  երկրի սոցիալ- տնտեսական վիճակի հետ, ապա վերջինս պայմանավորված չէ միայն սոցիալական վիճակով, «այլ ազգաբնակչությունը չգիտի, ինչպես ճիշտ սնվել»,- շեշտում է սննդաբանը:

Որպես օրինակ նշում է մակարոնեղենը, որը Հայաստանում հիմնականում պատրաստվում է առաջին տեսակի ալյուրից, սակայն թեփով մակարոնեղենը եւ հացն ավելի օգտակար են։ Մասնագետը հորդորում է արտադրողներին վերանայել ալյուրի օգտագործումը, ինչպես նաև բնակչությանը խորհուրդ տալիս բացառել քիմիական մշակված արագ ուտելիքի օգտագործումը, քանի որ դրանց մեջ շատ է աղը, վատ ու մեծ քանակով ճարպերը, քիմիական հավելանյութերը։ Մեր փորքիկ հարցախույզը, սակայն պարզեց, որ հասարակությունն այսօր իրոք սնվում է քաղցը հագեցնելու համար:

Back to top button