Սպորտ

Գալուստյանը նվաճեց չեմպիոնի կոչումը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացել է Հայաստանի գեղասահքի բաց առաջնությունը:

Մեծահասակ աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող է դարձել պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասյա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր), երրորդ տեղում՝ Նատալի Գզիրյանը (54,99 միավոր):

Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:

«Ֆեդերացիայի խորհրդի անդամներով և մարզչական կազմով որոշեցինք անցկացնել ոչ թե Հայաստանի առաջնություն, այլ բաց առաջնություն: Նպատակ ունեինք արտասահմանից ևս հյուրեր ունենալ` այդ կերպ նպաստելով երեխաների առաջընթացին»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Գեղասահորդուհի Անաստասյա Գալուստյանն ուրախ է բաց առաջնությունում առաջինը լինելու համար:
«Այստեղ բոլորը ջերմ են` պատրաստակամ օգնելու: Թեպետ մարզադահլիճում շատ ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է անցնում: Ուրախ էի բաց առաջնությանը մասնակցելու համար»,-ասել է նա:

Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մասնակցում էին 45 գեղասահորդներ:

Back to top button