ԿարևորՀասարակություն

Արցախի խաղաղություն երազող մանուկները (լուսանկարաներ)

alisagevorgyan
Արցախի՝ խաղաղություն երազող երեխաներին է նվիրված «Ռադիոլուր»-ի արցախյան շարքի հերթական ռեպորտաժը: Երեխաներ, ովքեր իրենց խաղաղ քունն ու սեփական հողի վրա ապրելու իրավունքն ամրագրած հերոսներին ճանաչում են դեպքով ու անուններով:

 

Նրանք բոլորն էլ ջինջ են, մաքուր, պայծառ ու անմեղ, բայց նաև տարբեր են, տարբեր իրենց երազանքներով: Մեկը՝ Դիսնեյ լենդի մասին է երազում, մյուսը ՝ նոր հեռախոսի, աշխարհի միլիոնավոր երեխաներ էլ այսօր, ցավոք,  խաղաղության մասին են երազում, որովհետև մեծերի մեծ-մեծ գործերը նրանց  արդեն ստիպել են գնահատել խաղաղության  ամենաթանկ գինը:

Աշխարհի խաղաղություն երազող մանուկների մեջ են նաև Արցախի մանուկները, ում ճանաչած հերոսներն ամենևին էլ պատմական դեմքեր չեն: Դրանք իրենց կողքին ապրող ու իրենցից ոչ հեռու գտնվող սահմանը պահպանող տղաներն են, երբեմն նաև կյանքի գնով հենց իրենց՝ մանուկների ապրելու իրավունքն ամրագրած հերոսներ, ում երեխաները գիտեն դեմքով ու անուններով: Սրանում համոզվեցի օրերս՝ Արցախի  Մարտունի քաղաքում:

Ինտերնետ ակումբում երկու փոքրիկների հանդիպեցի, ում ձեռքերում պատահաբար նկատեցի  Վիտալի Բալասանյանի ու Քյարամ Սլոյանի լուսանկարները, լրագրողական հետաքրքրությամբ հարց ու փորձ արեցի. պարզվեց, որ  դպրոցում երեխաներին հաձնարարել են գործնական աշխատանք պատրաստել ապրիլյան քառօրյայի իրենց սիրելի հերոսների մասին: 7-րդ դասարանի աշակերտ Դրո Եսայանն, ում անունը պապը Դրաստամատ Կանայանի անունով էր կնքել, Քյարամ Սլոյանին էր ընտրել:

Դրոն գիտի անգամ ամենադաժան մանրամասները, թե ինչպես թուրքերը, ինչպես ասում է, Քյարամի գլուխը կտրեցին: Կարմիր խաչի միջոցով սկզբում միայն մարմինը վերադարձրեցին, իսկ հետո,  մի քանի օր անց՝ նաև գլուխը: Քառօրյա պատերզմից առաջ էլ Դրոն իր հերոսն ուներ՝ Մոնթեն, ում Մարտունիում ավելի հաճախ Ավո են անվանում: Քաղաքի կենտրոնում Ավոյի հուշարձանը երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է: Հուշարձանի մոտ խաղում են, աղմկում, երբեմն նաև  պառկում ու դա նրանց ոչ ոք չի արգելում: Այն ինչ Ավոյի մասին մեզ պատմում է Դրոն, նրա բոլոր դասընկերները գիտեն:

Գառնիկ Գրիգորյանը ինտերնետ ակումբում հանդիպած երկրորդ աշակերտն էր: Ապրիլյան քառօրայի նրա նախընտրած հերոսը Վիտալի Բալասանյանն էր:

6-րդ դասարանի աշակերտուհի Սաղաթելյան Վերոնիկան Հադրութի շրջանի Բանաձոր համայնքի հիմնական դպրոցում է սովորում: Նա գիտի, որ իր գյուղն արցախյան պատերազմի հերոսների շնորհիվ է միայն կանգուն: «Թուրքերը գյուղը մի անգամ գրավել են, բայց մերոնք նորից հետ են վերցրել»,-պատմում է ինձ բանաձորցի աշակերտուհին՝ խոսելով նաև ապրիլյան կրակոցների մասին, որոնք այս օրերին անհամեմատ նվազել են:

Դպրոցի երկրորդ դասարանցի Լևոնն էլ շատ բան գիտի և կրակոցների, և զինադադարի մասին: Հայրիկի օրինակով ոստիկան է դառնալու, որպեսզի պահի սահմանը: Մասնագիտությունից անկախ, մեր այցի օրերին Բանաձորում  20-50 տարեկան  բոլոր տղամարդիկ էին սահմանապահ, ովքեր պաշտպանում են Լևոնի հարազատ գյուղը:

Սրանում մանուկներն այստեղ չեն կասկածում: Հայ զինվորն է այսօր պահպանում նրանց խաղաղ քունն ու սեփական  հողի վրա ապրելու արդար իրավունքը՝ առանց ձևականությունների, երեխաների իրավունքների վերաբերյալ սրտաճմլիկ ելույթների ու հռետորաբանության:

Կարդացեք նաև

Back to top button