

Բիզնեսի համար ազատ մրցակցային պայմանների ապահովում. փորձագետներն ու պատասխանատուները միասին են քննարկում խնդիրներն ու արդյունավետ լուծումներ փնտրում: Իրավաբանները, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության վերաբերյալ վերլուծություն են պատրաստել: Նրանք մրցակցային դաշտում օրենսդրական բացեր են նկատել: Հայաստանում ԵՄ պատվիարկության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է. «Մենք ՝ Եվրամիության ներկայացուցիչներս, մեր համեստ ներդրումով, բայց ամուր կամքով ուզում ենք, որպեսզի աջակից լինենք Հայաստանի կառավարությանը՝ մենաշնորհների դեմ պայքարում»: Դեսպանն ընդգծել է՝ «Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այն իմիջը, որ երկրում առկա են մինի մենաշնորհներ»: Սվիտալսկին հստակ չգիտի՝ այս պիտակը ճիշտ է, թե ոչ, բայց վերջին տարիներին մրցակցության ոլոորտում առաջընթաց նկատել է:
Հիշեցնենք, կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային միջավայրի վրա և արդյունավետ լուծումներ առաջարկել:
Վերջին շրջանում ավելի քան երբևէ մեր երկրում առանձնակի ուշադրության են արժանանում մրցակցային խնդիրները: Սրա մասին խոսում են բոլորը՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև փորձագետներ: Այն, որ ոլորտը բացեր ունի, գիտեն բոլորը:
Մեր երկրում մրցակցային խնդիրներով հակամենաշնորհային մարմինն է զբաղվում՝ ՏՄՊՊՀ-ն:
Ոլորտում առկա խնդրներին լուծումներ տալու նպատակով զեկույց է նախապատրաստվել, որի հեղինակներից Արտակ Զեյնալյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նկատում է՝ «ՏՄՊՊՀ-ն պետք է միջամտի ոչ միայն մասնավոր անձանց գործունեությանը, այլ՝ նրանց գործունեությունը խոչընդոտող պաշտոնատար անձանց ու պետական մարմինների գործունեությանը: Զեյնալյանը դժվարանում է առանձնացնել մի դեպք, երբ հակամենաշնորհային հանձնաժողովը քննարկել կամ քննադատել է պետական մարմինների որոշումները:
«Բացի դրանից, այս հանձնաժողովին տրված են լիազորություններ՝ պատասխանատվության ենթարկելու ահռելի գումարներ: Դրանք չափազանց խիստ պատիժներ են, և դրանք իրենց բնույթով ու բովանդակությամբ այնքան խիստ են, որքան քրեական պատիժները»:
«Մրցակցության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք՝ ասում է զրուցակիցս ու ընդգծում՝ հանձնաժողովը գնագոյացման մարմին է դարձել, ազատ մրցակցության հետ որևէ աղերս չունի:
Մասնագետները մրցակցային դաշտում օրենսդրական բացեր են նկատում: Փաստաբան , արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը գտնում է, որ առաջարկվող լուծումները կիսատ են, գործիքակազմ չկա:
«Օրինակ մի շարք որոշումների բողոքարկման անհնարինությունը՝ հանձնաժողովի կոմից, դա միայն Հայաստանին չի վերաբերում՝ ինքը և՛ հետաքննիչն է, և՛ ստուգողն է, և՛ դատախազն ու մեղադրողն է»:
Օրերս ազատ մրցակցության մասին նաև կառավարության ղեկավարը խոսեց: Թե ինչու հատկապես այժմ է առավել կարևորվում խնդիրը, պարզաբանում է Էկոնոմիկայի նախարարը Արծվիկ Մինասյանը՝
«Վերջին ժամանակահատվածում խնդիրը սրվել է՝ Հայաստանի տնտեսական զարգացումներում գերիշխող կամ կենտրոնացվածության բարձր աստիճան ունեցող շուկաներում քաղաքականության նոր գործիքակազմի կիրառման անհրաժշետությամբ պայմանավորված»,- ասում է ու հորդորում ՝ սրտացավ մոտեցում ցուցաբերել: «Հաճախ խոսում ենք շուկաներում գերիշխանության կամ մենաշնորհ ների մասին»,- ասում է էկոնոմիկայի նախարարն ու հռետորական հարց տալիս
«Սակայն, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե այդքան հեշտ է դրանց դեմ պայքարը, արդյո՞ք այդքան հեշտ է մեղադրել այս կամ այն պետական պաշտոնյային, երբ չտիրապետելով ամբողջ տեղեկատվությանը, համակարգին, մեղադրվում են այս կամ այն գործողություններն անելու կամ այս կամ այն գործողությունը չանելու մեջ»:
Մենաշնորհներից դժգոհ են նաև փոքր եւ միջին ձեռնարկատերերը: Նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրների սանդղակում նաև անհավասար մրցակցային պայմաններն են: ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն ընդգծում է՝ մենաշնորհային դաշտում տնտեսվարողներից առավել խոցելին հենց ՓՄՁ-ներն են:
Մեր երկրում առկա մենաշնորհներից, աջակցման պատրաստակամությունից խոսում է նաև Հայաստանում եՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այն իմիջը, որ երկրում առկա են մինի մենաշնորհներ»,- ասում է նա։ Դեսպան հստակ չգիտի՝ այս պիտակը ճիշտ է, թե ոչ, բայց վերջին տարիներին առաջընթաց է նկատվում մրցակցության ոլորտում:
«Բայց այսպիսի իմիջից ձերբազատվելու համար Հայաստանին անհրաժեշտ են որոշիչ քայլեր: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել ցանկացած աջակցություն՝ այս գործընթացը խթանելու համար: Մենք շահագրգռված ենք ՝տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում քննարկումները սկսել: Հայաստանի ղեկավարներն իրենց ելույթներում նշել են տնտեսության բարեփոխումները շարունակելու շահագրգռվածության մասին։ Անձամբ վարչապետը վերջերս հայտարարեց, որ հետամուտ է լինելու Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային բիզնես միջավայր: Ազատ մրցակցությունն է, որ պետք է առաջ տանի տնտեսության զարգացումը»:
Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու գործում դեսպանը կարևորում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը: Նա նաև ճանապարհներն է մատնանշում։ «Հանձնաժողովը պետք է տնտեսվարողներին առանց տեղյակ պահելու քննություն կամ ուսումնասիրություն իրականացնի: Սա նախաձեռնություն է, որի մասին պետք է մտածել»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Իսկ ես հիշեցնեմ, մայիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում մենաշնորհների խնդիրը, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային միջավայրի վրա և արդյունավետ լուծումներ առաջարկել: Կառավարության նախորդ նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, սակայն զեկույցն ամբողջությամբ խոստացավ այս հինգշաբթի ներկայացնել:




