ԿարևորՎերլուծականՔաղաքական

Ցեղասպանության հարցով Բունդեսթագի որոշման հիմքում գերմանական շահերն ու ԼՂ հարցն են (լրացված)

տեղադրվել է ժամը 14։56-ին
լրացվել է ժամը 18։17- ին

lianaeghiazaryan

Գերմանիան այսօր լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, բայց հարաբերությունների առավել սրման չի գնա` հայկական հարցը հիմք դարձնելով, այսօր հայտարարել է «Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք հունիսի 2- ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի նախագիծը վերջնականապես կընդունվի՞, թե՞ ոչ: Իր հերթին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը շեշտել է` սա ուղղակի Ցեղասպանության ճանաչման հարցը չէ, այլ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված իրավիճակ:

 

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը մեծ հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագիծը, բայց նույն վստահությամբ հնարավոր չէ ասել, որ այն վերջնականապես կվավերացվի այդ երկրի կանցլերի կողմից՝ կարծում է «Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: «Հայ ժողովուրդը շարունակում է 1915-ի դեպքերին զգայական մոտեցում ցուցաբերել, սակայն խնդիրն իրականում Ցեղասպանություն բառը չէ, այլ այն, թե ինչ գործընթացներ են գնում այս ամեն ինչին զուգահեռ ու այս ամեն ինչի ներքո: Հայոց ցեղասպանության նախագիծը Բունդեսթագ բերելով` Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը կատարվածին ու պարտավորվում նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»,- շեշտում է Գեւորգ Մելքոնյանն ու միաժամանակ հարցին նաեւ այլ կողմից մոտենում:

Պատմաբանը վստահ է. որ Գերմանիան այսպիսով փորձ է անում արեւելքում հանդես գալ որպես առանձին գործոն: Ի՞նչ կտա բանաձեւի թեկուզ եւ միայն նախագծի ընդունումը Հայաստանին: «Սա հատկապես Եվրոպայում կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ճանաչման գործընթացի ակտիվացմանը: Միայն այս տարի Եվրոպայում Հայոց ցեղասպանությոնւը ճանաչել է ընդամենը իտալական 2 քաղաք, այսինքն` լուրջ գործընթաց չի եղել: Իսկ Գերմանիան աստիճանաբար գալիս դառնում է տարածաշրջանային գործոն: Ողջ հարցը սա է, եւ հայ-թուրքական  հաշտեցումը նաեւ Գերմանիայի ռազմավարական շահերից է բխում»,- նշում է Գեւորգ Մելքոնյանը։

«Մենք վաղուց դուրս ենք քաղաքական այն տարիքից, որ մտածենք, թե Գերմանիայի իշխանությունների կողմից ձեռնարկվածի հիմքում հայանպաստ մղումներն են»,- կարծում է քաղտեղխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Հայոց ցեղասպանության ընդունման-չընդունման հարցը նորովի շեշտադրելը Հակոբյանը պայմանավորում է զուտ աշխարհաքաղաքական գործոններով: «Իսկ հայկական գործոնը, ինչպես եւ քրդական ու այլ գործոններ, ընդամենը ճնշման գործիք են աշխարհաքաղաքական կարեւոր շրջանակների կողմից»,- ասում է նա:

Այսօր «սեղանին» Մերկելի հեղինակության հարցն է, մյուս կողմից էլ իր պաշտոնին հրաժեշտ տվեց Թուրքիայի վարչապետը, այնինչ Դավութօղլուն երկար ժամանակ դիտարկվում էր ԵՄ հետ ամենասերտ գործակցողներից մեկը: Եվրոպայում տրամադրությունները լրջորեն փոխվել են. ներթուրքական իրադարձություններն այսօր կոշտ արձագանք են գտնում Արեւմուտքում՝ նկատում է Վիգեն Հակոբյանը:Այս զարգացումների համատեքստում քաղտեղխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով բանաձեւի նախագծի ընդունման շատ լուրջ հնարավորություն է տեսնում։ «Լուրջ ֆորսմաժորային իրավիճակ պետք է ստեղծվի այս անգամ, որ ԳԴ ղեկավարությունը հետ քաշվի ու չընդունի նախագիծը: Այս անգամ շատ մոտ ենք ընդունմանը»:

Միաժամանակ մասնագետներն այն համոզմանն են, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագծի ընդունումը պետք չէ ուղղակիորեն ընկալել: Սա նաեւ իր հիմքում այլ դրդապատճառ ունի. դիտարկում է անում քաղտեղխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու շարունակում` Գերմանիան ցանկանում է բարձրացնել իր դերը ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերություններում` մեծացնելով իր քաղաքական դերակատարումը։

Բեռլինն այս տարի ղեկավարում է ԵԱՀԿ-ն, եւ, ըստ տարբեր կարծիքների, ցանկանում է դառնալ ԼՂ հարցով բանակցություններում 4-րդ միջնորդը: Բայց քաղտեխնոլոգն այստեղ «բայցեր» է տեսնում: «Մենք երեւի թե հիմա, հասկանալով, որ կարող ենք կարեւոր գործոն դառնալ, պետք է հասկանանք նաեւ, թե ինչ  են մեզանից ակնկալում ոչ միայն Գերմանիան, այլեւ ԵԱՀԿ-ն: Կարծում եմ` Հայաստանից  կոնկրետ քայլեր են ակնկալում Մադրիդյան սկզբունքներում հետեւողական գործունեություն ծավալելու առումով»:

Հիշեցնենք` Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ի նիստում քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: Կառավարության փոխվարչապետ, մամուլի խոսնակ Նուման Քուրթուլմուշն այսօր հայտարարել է, թե խորհրդարանների գործը չէ պարզել և խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, պատմական դեպքերը հին մատյաններում պրպտելը, հին ժամանակներից մի քանի ոչ մաքուր հարցեր այսօր իրենց դեմ դնելը: Քուրթուլմուշն ասել է, թե չի կարծում, թե այդ հարաբերությունները Գերմանիայի խորհրդարանը կվնասի հանուն 3-5 քաղաքական գործչի: Ըստ Քուրթուլմուշի՝ Գերմանիա-Թուրքիա հարբերությունները 1-ին համաշխարհային պատերազմից ի վեր բարեկամական և դաշնակցական են:

Եթե անգամ Գերմանիայի խորհրդարանն ընդունի օրինագիծը, այն Թուրքիայի համար որևէ գիտական արժեք չի ունենա՝ հայտարարել  է թուրք պաշտոնյան` հավելելով, թե չափազանց անկեղծ ու մտերիմ են նաեւ կողք կողքի բնակվող հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունները:

Իսկ Հայաստանը, հայ մասնագետների թվարկած քաղաքական բոլոր այս գործոններով հանդերձ, լուրջ սպասելիքներ ունի Թուրքիայի վաղեմի դաշնակից Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման առումով, անգամ այն դեպքում, երբ սա առաջնահերթ կերպով ճանաչող երկրի շահերին է առնչվում ու կարող է հերթական քաղաքական մեսիջը լինել:

Կարդացեք նաև

Back to top button