Հասարակություն

Հերթական նենգ մեղադրանքն ու ապատեղեկատվությունը.ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳ նախարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրեւ թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը եւ հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների եւ կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ-ն:

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թ. Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին:

Կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն եւ նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլեւ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջանում:

Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջեւանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է եւ 2005 թ. նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը:

Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական եւ մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան եւ Նախիջեւան:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են ԼՂՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում եւ գտնվում են պետության պաշտպանության տակ:

ԼՂՀ-ն եղել եւ մնում է բաց միջազգային համագործակցության համար՝ մշակութային եւ պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, եւ նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաեւ Ադրբեջանից:

Back to top button