Հասարակություն

Քանի-քանիսն անմահացան 5 օրում… մեր աչքի առաջ

Լուսին Աթաբեկյան
«Ռադիոլուր»-ի համար

Լուսին Աթաբեկյանը«Ռադիոլուրի» համար  հարցազրույց է պատրաստել մերօրյա հերոս, զինվոր՝ Անդրանիկի հետ: Լուսին Աթաբեկյանը  ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է: 

Andranik1

-Բարև, գեղեցկուհի:
Չէ՛, խնդրում եմ Ձեզ, չմտածեք՝  սա  «աղջիկ կպցնելու» դասական տեքստի սկիզբ էր ընդամենը: Անդրանիկը հետո կբացատրի, որ ամենասկզբի՜ց ինքը  հասկացել էր՝ մենք լավ ընԳերներ ենք լինելու:  Ու քանի որ  նախախնամությունը այլ բան չէր էլ պատրաստել,  դրանից հետո գրեթե միշտ մենք միասին էինք աղջիկ կպցնում իր համար, գրեթե միշտ միասին էինք նայում «Խաթիկոն», գրեթե միշտ միասին էինք որոշում իրար գլխի ինչ-որ խաղ խաղալ՝ հավատալով՝ էդ մեկը վերջը կլինի: Ըստ էության ժուռնալիստական, կլասսիկ ակնարկի պահանջներն ուրիշ են: Բայց, ներողություն եմ խնդրում և փորձում արդարանալ՝ Անդրանիկի մասին հասարակ ակնարկ գրել հնարավոր չէ, պետք չէ, ցանկալի չէ: Իմ պրիզմայից դուրս՝ ոչ մի բառ:
Անդրանիկը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, նույն այն ժամանակ, ինչպես որ մենք: Ու բնականաբար, հավատարիմ բոլոր այն գծերին, որոնցով կօժտեր միայն 97 թ-ը. ինձնից կողահաստ, ինձնից մարդասեր, ինձնից բարի ու ամենահաս. մի անգամ նույնիսկ ջղայնացա.

-Անդրանիկ, էսպես հնարավոր չի: Արի՛՝ ինձնից լավը մի էղի, օքե՞յ:

Էն պահին, երբ ասենք ես ու մյուս 97 թվականները «խառն» էինք ընդունելության հարցերով, Անդրանիկը արդեն իրեն գտել էր: Արշավախմբեր էր տանում Լաստիվեր՝ մեր փոքր հայրենիքի ամենաանուշ տեղերից մեկը. ինքը էդտեղի ամեն թուփ ու քար անգիր գիտեր ու հիմա էլ անունով, վրան արված նշանով հաստատ կհիշի:

Հինգ ամիս առաջ զորակոչվեց  բանակ: Անդրանիկը, որ տանել չէր կարողանում հրամաններ ու հրամայողների: Ուրիշ ժամանակ էն կեղծ, սրիկա փիլիսոփան կզարթներ մեջս ու մի հաստլիկ դատողություն կշպրտեր թղթին՝ կյանքն է ստիպում: Տո, ինչ ես խոսում… Կյանքը հնազանդության դասեր չէ, որ տալիս է, կյանքը հասունություն ու փորձ է տալիս, էնպիսի փորձ, որ 18 տարեկան ջահելը՝ արյունը մեջը եռացող ու ներսի Մեֆիստոֆելից վայրկյան իսկ հանգիստ չմնացող, դառնում է հանդարտ, խաղաղ, հաշտվող, բայց ոչ էն պարտված- հաշտվողներից: Ապրիլյան քառօրյա դեպքերի ժամանակ առաջին գծում էր. հետախույզ է: Ապրիլի 4-ից սկսած առաջին անգամ իմ ու իր մեջ կապը  մի ամսվա չափ կտրվեց: Չպատմեմ ՝ էդ ինչ ամիս էր. ես յունիք չեմ. իմ բոլոր հույզերն ու ցավաքանակը ապրված ու տեսնված է բոլորի կողմից: Մի ամսից՝ մայիսի 7-ին գրեց… Մե՜ ուրախություն, մե՜ կարոտ, մե՜ ջրիկանալ: Խնդրեցի ինձ հարցազրույց տալ.

— Կգամ- կպատմեմ գլխովս անցածը, դու էլ հա պատմվածքներ կգրես ու մեզ կպահես տեղը տեղին, ըստ պահանջի, այ մարդ:
Հա, իմ ու Անդրանիկի մեջ էդպիսի պայմանավորվածություն կա, ճիշտ հասկացեք, ի սէր Աստծո, առանց բառի բուն իմաստին նայելու. ես իրեն ասում եմ «կնիկ», ինքը՝ ինձ «մարդ»: Հիմա ժպտում եք, իսկ ամենազավեշտալին հետո է գալու, երբ ես էլ, ինքն էլ արդեն կունենանք մեր ընտանիքները, ու հռետորական հարց՝ ինչպե՞ս հաղթահարել սովորույթը:
AndranikԱնդրանիկի պես «կանֆետ» բնավորությամբ մարդ էս աշխարհում չկա, հավատացեք ինձ. մի շաբաթ առաջ էլի բախտ վիճակվեց խոսել.

-Եղբայր, բա ի՞նչ եք անում:
-Լուս, օձ ենք ուտում: Գյուռզա:
-Ճնշումս իջավ, այ տղա, հո խենթ չես:
-Չէ՜ , վայ: Նենց էլ համով էր էղել:

Էս նույն թեթևությունը նաև էն չորս օրերին էր, երբ անհանգստությունը հոգի էր կրծում, երբ ջիղ չկար էլ, էմոցիաները պայթեցրել էին ժողովրդի կենսական բոլոր համակարգերը.

-Հո դեբիլ չես, գնա դասերդ արա, թե չէ՝ ապահարզան. Ես չեմ կարա ծույլիկ ամուսին ունենամ:
Իսկ երբ հարցնում էի՝ ոնց են…

-Լուս, եթե ապրում ենք, ուրեմն լավ ենք:

Բոլորս էստեղ լավ գիտեինք՝ ուր ենք գալիս: Մենք էդ գիտեինք, երբ առաջին օրը մեզ պիտի ցրեին սահմանի երկարությամբ: Գիտեինք, երբ մեր ականջները տագնապի ձենի էին: Երբ օրերով պոստերում խաշվում էինք, բայց չէինք էլ մտածում կես ձայնարկություն հանել, որովհետև հետներս  91-ի կամավորներն էին. տղամարդիկ: Ամոթ, պատկառանք, հարգանք, ընկերություն: Էս բոլորը գումարվել են իրար:

Քո էն կինոն հիշո՞ւմ ես. միշտ զարմանում էիր՝ էլֆերը ոնց են առանց վախի գնում օռկերի հազարանոց բանակի վրա. Լուս, էլֆերը անմահ էին: Քանի-քանիսը անմահացան 5 օրում… մեր աչքի առաջ: Էդ պահին միտքդ քո տունն ա գալիս. քո մաման, քո Խաթիկոն: Դե հա՝ իմ դեպքի համար մեկ էլ իմ «անառակ» ամուսինը: Տնաշե՜ն, բանակ էլ եկա, դեռ ես եմ քո կնիկը:
Իսկ հիմա թռի քնելու, հիմար երեխա: Թարգի էդ սովորությունդ, թե չէ կբաժանվեմ: Մարշ քնելու: Կապի վերջը:

Back to top button