

Ամեն տարի այս օրը մարդաշատ է Սարդարապատի հուշահամալիրը, այն սրբավայր է ամեն մի հայի համար, Սարդարապատով վճռվեց Հայաստան երկրի լինել- չլինելու հարցն ու կրկին վերականգնվեց հայոց պետականությունը: Սուրբ հողի ուժն ու շունչը զգալու համար այստեղ են գալիս նաև Սփյուռքի տարբեր գաղթօջախներից։ Արդեն տասը տարի է հայրենասիրության դասերը Սարդարապաում են ամրապնդում ԱՄՆ Բոստոնի սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները: Վարժարանի հայոց լեզվի ուսուցչուհի Արտեմիս Մկրտչյանը Բոստոնում ապրող հայ երեխաների հայկական ոգին միշտ արթուն է պահում և հայեցի դաստիարակում։ «Մենք պետք է շարունակենք գալ այնքան, մինչև ունենանք միացյալ և անկախ Հայաստան»,- ասում է։
Միացյալ և անկախ Հայաստան ունենալը յուրաքանչյուր հայի երազանքն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը վտանգի մեջ էր պահել հայկական երկրորդ պետության սահմանները, ոտքի հանեց ողջ հայությանը: Երկրապահ կամավորները միասնական ուժ դարձած կանգնեցին մեր զինվորների կողքին ու պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Օրեր առաջ երկրապահները լքեցին դիրքերը: Նրանք այսօր Սարդարապատում էին, եկել էին նշելու առաջին հանրապետության տոնը:
«Սև Հովազ» ջոկատի վաշտի հրամանատար, կապիտան Զավեն Քոչարյանը Սարդարապատ էր եկել թոռնուհու հետ: Նա ապրիլի 4-ից Արցախում էր. «Մեր ժողովրդի պայքարով ձեռք բեված անկախության համար պատրաստ ենք պայքարելու, մեր գործը դեռ կիսատ է: Կեցցե մեր հայրենիքը, մեր զինվորները, փառք մեր հայրենիքին»։
«Սև Հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատերազմի օրերին թողնելով քաղաքացիական աշխատանքը կրկին հավաքեց ջոկատն ու մեկնեց Արցախ՝ պաշտպանելու ընկերների արյամբ ձեռք բերված հողը: «Մայիսյան հաղթանակները մեր ժողովրդին ապրելու և պայքարելու նոր հույս տվեցին։ Եթե կա ամուր թիկունք, ուրեմն ճակատում տղերքը պինդ են լինելու»,- ասաց Ռուստամ Գասպարյանը:
Հայրենիքի վտանգված սահմանները մտահոգել էր նաև ամերիկահայ Հրաչ և Կարմեն Լուկասյաններին: Նրանք այսօր կրկին Հայաստանում են, մասնակցում են Սարդարապատի հաղթանակի տոնակատարությանը, եղել են նաև պաշտպանության բանակի դիրքերում: Նրանք 1998 թվականից սկսած հայոց պետականության վերականգնման տոնը նշում են Հայաստանում:
Սարդարապատի հուշահամալիրում էին բազմաթիվ դպրոցականներ տարբեր մարզերից: Արմավիրի մարզի Մայիսյան գյուղն անվանակոչվել է հենց մայիսյան հաղթանակների պատվին: Շրջանավարտները բարձր են գնահատում հայրենիքի պաշտպանության գործը, անցած տարի դիվերսիայի զոհ էր դարձել իրենց դպրոցի շրջանավարտ Սարգիս Մովսիսյանը. «Մենք հպարտ ենք իրենով, խոնարհվում ենք իր և մյուս զոհերի հիշատակի առջև»,- ասում են։
Սարդարապատում տոնը շարունակվեց երգ ու պարով։




