Հասարակություն

Վերջին զանգի հանդիսության շրջանակում ավտովթարից զոհվել է երկու մարդ

Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝  ժամը 18-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց, որից 34-ը՝ Երևանում (3-ը՝ անչափահաս), 76-ը՝ մարզերում (33-ը անչափահաս): Մարզերում հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 4 վարորդ, հայտնում են ոստիկանությունից։

Հակառակ մեքենա վարելու գայթակղությունից ձեռնպահ մնալու՝ շրջանավարտների ծնողներին և շրջանավարտներին ուղղված ոստիկանության բազմաթիվ հիշեցումներին ու կոչերին, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված օրինախախտումներ, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով  (2 զոհ):

Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով Հ. Ա.-ն և ուղևորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յու. Պ.-ն և 1998 թ. ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն և Գ. Հ.-ն մահացել են:

Նույն օրը և նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Տ. Բ.-ն և ուղևորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Կ Հ.-ն և նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կարդացեք նաև

Back to top button