ԿարևորՀասարակություն

«Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը

karenghazaryan
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկ են եղել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգաբարձուների խորհրդի անդամներ: Հիմնադրամի 2015 թվականի գործունեության արդյունքներն ու գալիք տարվա անելիքները եղել են քննարկումների օրակարգային թեմաները: Հիմնադրամի Մարաթոն-2016-ի նպատակային ուղղվածության հարցում առաջնային թեմաներ կլինեն ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքները:

 

«Հայաստան« համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 38 անդամներից ներկա էին 29, 9-ը՝ բացակա: Նիստին ներկա էին նաեւ 17 տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց.

«Նիստի քվորումն ապահովված է, եթե առարկություններ չկան, առաջարկում եմ սկսել մեր նիստի աշխատանքը»:

Մինչ նիստի մեկնարկն էլ ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին հոգաբարձուների խորհրդի մահացած անդամ, Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս 19-րդի հիշատակը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը վատառողջության պատճառով նիստին չէր մասնակցում: Նիստի աշխատանքներն օրհնեցին Հայ առաքելական եկեղեցու սրբազանները:

Հիմնադրամի անցած՝ 2015-ի գործունեության մասին հաշվետվությունն ու վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանդ Թորոնթոն» աուդիտորական կազմակերպության եզրակացության ներկայացումն առաջին երկու օրակարգային հարցերն էին: 2015 թվականի  կատարված աշխատանքների մասին հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը բավականին ծավալուն զեկուցմամբ ներկայացրեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա լրագրողների հետ զրույցում հակիրճ առանձնացրեց անցած տարվա առաջնահերթություններն ու դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նիստի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, որով ներկայացվեց 2015-ին հիմնադրամի կատարած աշխատանքների ամբողջական ծավալը: Ֆիլմում անդրադարձ կար նաեւ առաջնահերթություն համարված ճանապարհի կառուցմանը: Ներկայացվեցին նաեւ քաղաքացիների գնահատականները կատարվող աշխատանքներին: Մի հատված ֆիլմից.

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը դժգոհեց կառույցի վերաբերյալ, իր խոսքով, ապատեղեկատվություն տարածողներից՝ առանց անուններ հնչեցնելու: Մատնանշեց, որ միակ կառույցն է իր թափանցիկությամբ, որը յուրաքանչյուր տարի անցնում է բազմաբնույթ ստուգումներ՝ թե՛ դրամական հոսքերի, թե՛ իրականացված աշխատանքների որակի վերաբերյալ: Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորոնթոն» աուդիտորական կազմակերպության եզրակացությունը դրական է՝ առանց վերապահումների: Այս մասին շեշտեց աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը.

«Ըստ էության, էական բացթողումներ եւ թերացումներ ֆինանսական հաշվետվությունների մակարդակում առկա չեն եղել: Եղել են ոչ էական, այսինքն՝ ավելի թույլ թերացումներ, որոնք ներկայացվել են առանձին հաշվետվությամբ եւ կոչվում են «Նամակ ղեկավարությանը»: Այսինքն, ընդհանուր առմամբ, ֆինանսական հաշվետվությունները, մեր կարծիքով, արժանահավատ են»:

Արցախյան քառօրյա պատերազմը որոշակիորեն ազդեցություն կունենա նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալիք տարվա աշխատանքների վրա: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փոխանցմամբ՝ պատերազմի հետևանքով առաջացած ավերվածությունների վերացումն ու ընտանիքներին օգնելը կլինեն այս տարվա դրահմահավաքի գլխավոր ռազմավարական թեման:

«Այս պահին ԼՂՀ կառավարությունը արդեն իսկ սկսել է հաշվարկները: Չեմ կարող ասել, թե նույնիսկ մոտավորապես ինչ գումար է հարկավոր, բայց օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ բոլոր ոլորտներում՝ սկսած դեղորայքի առաքումից մինչև տների վերանորոգում,  կլինի անհատական ընտանիքների օգնություն և այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհվածներ, երևի ավելի մեծ քանակի օգնություն կտրամադրվի: Դա  դեռևս կոնկրետացման փուլում է և մեկ-երկու ամսվա ընթացքում պարզ կլինի»:

Բացի ապրիլյան պատերազմի վնասներից, Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, պարզապես ավելի շատ վնասված տարածքների վրա են կենտրոնանալու՝ եզրափակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Կարդացեք նաև

Back to top button