Հասարակություն

Առողջապահության ոլորտի բացերը՝ Բյուջե-2015-ի կատարողականի քննարկումներում

lenabadeyan
Խորհրդարանում այսօր շարունակվում են 2015 թվականի բյուջեի կատարման ոլորտային հաշվետվությունները: Մշտական հանձնաժողովներում հերթական հաշվետվությունն այսօր առնչվում էր առողջապահության ոլորտին: Քննարկումները, սակայն, չեն սահմանափակվել պարզապես թվային կամ ծրագրային թվարկումներով: Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը ստիպված է եղել անդրադառնալ առողջապահության ոլորտում գրանցվող որոշ արատավոր երեւույթներին, ինչպիսիք են օրինակ՝ պետպատվերով սպասարկումներից խուսափումը կամ լաբորատոր ստուգումների գնային քաղաքականությունը:

 

 

 

«Առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում սպասարկում ապահովելու համար պետությունը պայմանագիր է կնքել 480 հիմնարկի հետ եւ նրանք պարտավոր են պետպատվերի շրջանակներում բուժում կատարել»,- այսօր Աժ-ում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը՝ 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ: Պատգամավոր Մանվել Բադեյանը, սակայն, փոխնախարարին վերադարձրեց իրականության դաշտ:

 

Բացատրելով, որ կա հստակ օրինաչափություն, թե ինչպես պետք է ընդունել եւ սպասարկել հիվանդներին, որ բուժհիմնարկն ունի ամենամսյա բյուջեի համամասնություն եւ պետք է դրան համապատասխան սպասարկի, ու եթե բյուջեն վերջանում է, ապա հերթագրում են հաջորդ ամսվա համար, առոջապահության փոխնախարարն ամեն դեպքում ընդունեց, որ խնդիրներ, իհարկե, կան:

 

Չկանոնակարգված խնդիրներ գոյություն ունեն նաեւ լաբորատոր հետազոտությունների ոլորտում՝ գնագոյացումների կարգավորման խնդիր կա: Փոխնախարարի ներկայացմամբ՝  դա արդեն օրենսդրական խնդիր է, ոչ թե՝ առողջապահական կառավարման: Նախարարությունը չի կարող սակագներ թելադրել մասնավոր լաբորատորիաներ, իսկ մեր իրականության մեջ կան մի խավ, որն անվճար լաբորատոր ստուգումների համար երբեք չի դիմում պոլիկլինիկաներ կամ հիվանդանոցներ:

Ինչ վերաբերում է սրտի վիրահատություններին, ապա դրանք մեկ կենտրոնում չէ, որ արվում են: 12 լիցենզավորված բժշկական կենտրոնում իրականացվում են սրտի ինվազիվ եւ ոչ ինվազիվ վիրահատություններ տեղեկացրեց փոխնախարարը՝ շեշտելով, որ այդ կենտրոնները Երեւանում չեն կենտրոնացած՝ Գյումրիում եւ Սյունիքում նույնպես արվում են այդպիսի վիրահատություններ: Ի դեպ՝ փոխնախարարն այսօր տեղեկացրեց, որ Ուռուցքաբանության գերազանցության նոր կենտրոնը նախատեսվում է բացել այս տարվա վերջում:  Ինչ վերաբերում է նախորդ տարվա ցուցանիշներին, ապա առողջապահության ոլորտում 2015-ին իրականացվել է 65 ծրագիր եւ ծախսվել 86.1 միլիարդ դրամ: Հանրապետության գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ առողջապահությունն այն ոլորտներից է, որի վրա չեն ազդել անցյալ տարվա որոշ բացասական ցուցանիշները:

 

Ի դեպ՝ 2015-ին շտապօգնությունը գրանցել է  470 հազար կանչ, այս ցուցանիշն աճել է 2014-ի համեմատ: Մեկ շնչին ընկնող առոջղապահական պետական ծախսերը անցյալ տարի Հայաստանում կազմել են 28 598 դրամ: Անցայլ տարի նաեւ մշակվել ու հաստատվել է 2016-ից 2020 թվականների առողջապահության ռազմավարական նոր ծրագիրը:

Կարդացեք նաև

Back to top button