

Հանրապետության վարչապետի՝ կառավարության այսօրվա նիստում պետական գնումների թափանցիկության մասին հայտարարությունը երկու առանցքային հարց էր շոշափում՝ էլեկտրոնային գնումների համակարգը եւ ամենամսյա հաշվետվության հրապարակումը կայքում։
Տնտեսագիտության թեկնածու¸ հանրային գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ այս երկու հարցերն էլ նորություն չեն, դրանք արվում էին մինչ այս էլ։ «Կարող է վարչապետը նկատի ունի դրանից բխող պատժելիության ինստիտուտը կամ աուդիտի ինստիտուտն ավելի ուժեղացնելը, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված նաեւ կասկածելի կամ ռիսկային գնումների մասով ավելի խորքային ուսումնասիրություն անելը»,- ասել է փորձագետը։
Պետական գնումների համակարգում չկա մրցակցություն, այնտեղ հիմնականում հաղթող են ճանաչվում նույն ընկերությունները եւ որեւէ նոր խաղացող այնտեղ չի հաղթի՝ արձանագրել է նա։ Այս պարագայում Արտակ Մանուկյանը կոռուպցիոն ռիսկերը պայմանավորում է մրցակցության արհեստական խոչընդոտներով եւ մեծ տոկոս կազմով մեկ անձից ձեռքբերումներով, որոնք ազդում են բյուջետային արդյունավետության վրա։
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից




