Քաղաքական

ԱԺ արտահերթում ընդունվեց ընտրական օրենսգիրքը, աշխատանքայինում՝ փոփոխությունները

տեղադրվել է ժամը 12։59- ին
վերջին լրացումը՝ ժամը 16։55- ին

lenabadeyan

Այսօր ԱԺ արտահերթ աշխատանքն ավարտվեց մեկ նիստով: Կառավարության առաջարկով օրակարգում ընդգրկված էր ընդամենը երեք հարց: Այսօր պատգամավորները քննարկեցին եւ որոշեցին թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը: Քննարկվեց եւ ընդունվեց եւս երկու՝ հանրային հնչեղություն ունեցող օրինագիծ:

1994 թվականի զինադադարի մասին պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից եւ սանձազերծված ռազմական գործողությունները ստիպել են Հայաստանի կառավարությանը լրացումներ կատարել աշխատանքային օրենսգրքում: Լրացումների նպատակը պատգամավորներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Անհրաժեշտ է աշխատանքային օրենսգրքով կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահտվածում: Նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլյան օրերին գրանցվել էին դեպքեր, երբ գործատուներն աշխատանքից ազատել էին աշխատակիցներին, ովքեր կամավոր մեկնել էին Արցախ: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այլ տեղեկություններ ունի մեր իրականությունից: «Այս նախագծի իմաստը երեւի թե չկա էլ մեր իրական կյանքում, որովհետեւ հստակ համոզված ենք, որ բոլոր այն կամավորները, ովքեր մեկնել են, նրանց եւ աշխատանքի տեղն են պաշտպանվել, եւ աշխատավարձն է պաշտպանվել, մի բան էլ ավելի են վճարել մեր բոլոր գործատուները»։

Թեեւ առաջարկն ընունելի էր բոլորի համար, բայց որոշ քննադատություններ հնչեցին: Մասնավորապես, մտավախություն կա, որ փաստաթուղթը կարող է առաջացնել իրավական խառնաշփոթ: Անուղղակի խորքային վտանգներ այս նախագծում տեսնում են պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

«Որեւէ մեկի հայրենասիրությունը կասկածի տակ չեմ դնում, սակայն այն տեսքով, որ դա տեղի ունեցավ, մենք չուժեղացրեցինք մեր պաշտպանվածությունը, մեր սահմանները: Բանակի կողքին նորից բանակ ստեղծելը սխալ է: Կամավորական ռազմական միավորումներ հասկացություն Հայաստանում պետք է չլինի»,- ասում է Գուրգեն Արսենյանը։

Նրա միտքը շարունակում է Ռուբեն Հակոբյանը, «Ինչ- որ տեղ մենք չենք գիտակցում, որ եթե ուզում ես պետությանը վնասել՝ պետության մեջ կստեղծես զուգահեռ բանակ, զուգահեռ կառավարություն, զուգահեռ չգիտեմ ինչ: Պետք է գլուխ խոնարհել բոլոր նրանց առաջ, ովքեր գնացին, բայց չի կարելի այդպես շարունակել: Թիվ մեկ խնդիրը պետք է լինի, որ բոլորին բերենք պետական վերահսկողության դաշտ: Այդ կամավորականությունը միայն սահմանի վրա չէ, որ երբեմն ոտքի է կանգնում: Այդ կամավորականությունը երբեմն քաղաքական գործիք է դառնում»։

Ինչ վերաբերում է երաշխիքներին, որ աշխատանքից բացակայողը ոչ թե սեփական գործերով է լքել աշխատավայրը, այլ իսկապես կամավորական է եւ իսկապես պաշտպանել կամ պաշտպանում է հայրենիքի սահմանները, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հստակեցրել է, որ պետք է լինի «լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք»: Նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեց միաձայն՝ 106 կողմ։

Միաձայնություն եւ կոնսենսուս չկար մեկ այլ հարցի շուրջ: Պատգամավորները տեղավորվեցին նախանշված ժամկետների մեջ եւ այսօր՝  արտահերթ նիստով վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունեցին նոր ԸՕ-ը՝ կից ներկայացված փաթեթներով: Պատգամավորների քվեարկության պատկերը հետեւյալն էր՝ 102 կողմ, 17 դեմ 3 ձեռնպահ: Դեմ են քվեարկել «Օրինաց երկիր», «Հայ ազգային կոնգրես» խմբակցություններն ու ԲՀԿ-ից անջատված  պատգամավորները:

Դեմ քվեարկելու որոշումը Հրանտ Բագրատյանը հիմնավորեց այսպես. «Կարեւորագույն հարցեր էինք դրել, որոնք հաշվի չեն առնվել։ Մեծ ռիսկի տակ եք վերցնում՝ փորձելով ձեւավորել 2/3-ի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում: Հետո ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանը այդքան նեղացնում եք»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու՝ հետագայում համագործակցելու եւ փաստաթղթի շուրջ վերջապես փոխհամաձայնություն ձեռք բերելու ակնկալիքով: «ԸՕ չի լուծում որեւէ հարց կապված ԵԱՀԿ-ի առաջարկությունների կատարման հետ, չի լուծվում որեւէ հարց կապված հանրության կողմից եւ քաղաքական ուժերի բարձրացված հարցերի շուրջ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը խոստացավ, որ նույնիսկ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո աշխատանքները շարունակվելու են համագործակցության շուրջ՝ բոլորի կողմից ընդունելի փաստաթուղթ ստանալու համար: Չի բացառում, որ մոտ ապագայում կարող է հրավիրվել արտահերթ նիստ կամ նստաշրջան՝ ԸՕ-ում փոփոխություններ անելու համար:

«Իսկապես, ինչքան լայն կոնսենսուս, այդքան ավելի լավ, այդքան ավելի վստահելի կլինի ԸՕ-ն: Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն ԸՕ-ն, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինեն յներկայացնել առաջարկություն ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար»,- ասաց նա։

Հավանականություն կա, որ հնարավոր փոփոխությունների մեջ ներառվեն նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել էին ժամկետից ուշ եւ չէին հասցրել քննարկման առարկա դառնալ:

Կարդացեք նաև

Back to top button