

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները ստացել են ազգային ինքնությունը պահպանելու ամենալայն հնարավորությունները: Այս մասին մենք երբեք չենք մոռանա՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է Հայաստանում եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: Եզդիական համայնքի ղեկավարը, արցախից վերադարձած եզդիական կամավորական ջոկատի ներկայացուցիչների հետ, անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին եզդիների մասնակցությանը՝ նշելով, որ միշտ լինելու են եղբայրական հայ ժողովրդի կողքին, անհրաժեշտության դեպքում, դավադիր ու նենգ ընդհանուր թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալու համար:
Հայաստանաբնակ եզդիները չեն կարող անտարբեր մնալ: Ադրբեջանի վերջին ուխտադրուժ հարձակումը համախմբեց նաեւ եզդի ժողովրդին՝ սատարելու հայ եղբայրներին: Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը տեղեկացրեց, որ եզդի ժողովրդին ուղղված իր կոչից հետո, ավելի քան 5 տասնյակ կամավորներ էին մեկնել Արցախ: Մինչեւ մայիսի 27-ը նրանք շարունակելու են մարտական հերթափոխ իրականացնել՝ չհաշված պայմանագրային եւ ժամկետային եզդի զինծառայողներին:
Բոլորին է հայտնի, որ Արցախը պատմականորեն հայ ժողովրդին է պատկանում եւ նրանն էլ մնալու է: Ալիեւն իր ոճրագործ գործելակերպով ոչ մի բանի չի հասնի՝ համոզմունք հայտնեց Ազիզ Թամոյանը: Միջազգային հանրությունը, առաջադեմ մարդկությունը, միջազգային կառույցները պետք է ամենայն խստությամբ դատապարտեն Ալիեւի վարած մարդատյաց քաղաքականությունն ու նրան պատժեն որպես պատերազմական հանցագործի՝ ասաց Ազիզ Թամոյանը՝ ավելացնելով, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող եզդիներն իրենց կարողությունները կներդնեն դրան հասնելու համար:
Ապրիլյան պատերազմում եզդի ժողովուրդը 5 զոհ տվեց: Եզդի ժողովուրդը երբեք չի մոռանա նաեւ հերոս Քյարամ Սլոյանի գլխատման փաստը: Այդ մասին բարձրաձայնում են աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները: Ունեն նաեւ նման գազանությունները պատժելու ազգային պարտավորություն, ինչի մասին վստահեցրին Արցախից վերադարձած եզդի կամավորները:
Եզդի կամավորները բարձր են գնահատում ու հպարտ են հայոց հաղթանակած բանակով եւ համոզված են, որ բանակը կարող է ցանկացած խնդիր լուծել՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդի ոհմակներին ետ շպրտելով իրենց որջերը՝ ասացին նրանք: Համլետ Թամոյանը 90-ականներին նույնպես մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին:
90-ականների պատերազմին մասնակցել է նաեւ Մրազ Կալոյանը: Ասաց, թե բախտավորություն է համարում, որ ապրիլյան պատերազմին նույնպես կարողացավ մասնակցել: Համոզված է, որ հայ զինվորը հզոր է, անպարտելի:
Սարդարապատի ճակատամարտում Ջհանգիր Աղայի ջանքերը վկայեցին երկու ժողովուրդների եղբայրության անխախտելիության մասին, որը շարունակվեց Արցախյան ազատամարտում՝ 90-ականներին եւ այս ապրիլին, կշարունակի նաեւ հետագայում՝ վստահ են եզդի կամավորակաները:




