

Հասա՞ն գառնեցիներն իրենց պահանջի իրականացմանը, թե՞ ոչ: Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման` կառավարության ծրագիրը դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությամբ հանդերձ` ինչու են գառնեցիները դեռ թերահավատ: Ինչո՞վ է սպառնում նշված ծրագիրը Գառնու կիրճին, ու ինչ սպասելիքներ ունեն ծրագրին դեմ արտահայտվող մասնագետները: Այսօր թեմային առնչվող բազմաթիվ հարցեր են քննարկվել: Քննարկմանը, սակայն, հրաժարվել են մասնակցել թեմային առնչվող պետական բոլոր կառույցները:
Գառնի համայնքի բնակիչները շուրջ 2 տարի է պայքարում են. պահանջը մեկն է ու հստակ` դադարեցնել շինարարությունը և չեղյալ հայտարարել Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերի ոռոգման կառավարության ծրագիրը: Հիշեցնենք` օրեր առաջ իրենց բողոքի ակցիայով հերթական անգամ ճանապարհը փակած գառնեցիների հետ հանդիպման գնացած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի այն մասը, որով նախատեսվում էր Ազատ գետի ջուրը խողովակով հասցնել Արտաշատի գյուղեր:
Լրագրող Սառա Պետրոսյանը, ով եւս Գառնիի բնակիչ է, իրենց պահանջն իրականացված է համարում, քանի որ Գառնիի ջրագծի կառուցումը ոչ թե կասեցված է, այլ չեղարկված: Վարչապետը հայտարարեց ծրագիրը դադարեցնելու մասին` մանրամասնում է լրագրողը: Բացի այդ` մի «բայց» էլ կա: Հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հետ ծրագրի վարկավորման երկկողմանի համաձայնություն կա, հիմա ՀՀ կառավարությունը, փաստորեն, միակողմանի է հայտարարել դադարեցնելու մասին, այսինքն` գործընթացը դեռ փաստաթղթավորման փուլ պետք է անցնի:
Չնայած վարչապետը հրահանգել է դադարեցնել, բայց կառավարության կողմից պաշտոնապես չի հայտարարվել ծրագիրը դադարեցնելու մասին: Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, անդրադառնալով այս հարցին, փորձում է պարզաբանել` ՀԲ-ն Հայաստանին ֆինանսավորել է ոռոգման համակարգի բարելավման, ոչ թե կոնկրետ այս ծրագրի համար: Իսկ կառավարությունն ինքն է որոշել այդ ֆինանսավորումը մասամբ ուղղել Գառնու ջրագծի անցկացման ծրագրին:
Լևոն Գալստյանը հույս է հայտնում, որ վարչապետն իր խոսքից հետ չի կանգնի, որոշումը վերջնական կլինի, ու շինտեխնիկան չի վերադառնա կիրճ, ինչպես մի անգամ արդեն եղել է: Մասնագետը հարցին առնչվող այդ ուշագրավ հայտարարություն էլ ունի: «Ազատ գետում ջուրը հունիսի կեսից միանգամից պակասում է: Այս ամեն ինչը հաշվի չառնելով, չհաշվարկելով` մարդիկ որոշել են ամառվա ամիսներին 950 լ/վ ջուր վերցնել ու տեղափոխել հիմնականում Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքներ` հողատարածքները ոռոգելու: Հենց այդ համայնքներում այդ ծրագիրն իրականացնողների հողատարածքներն են: Դրանում ոչ մի կասկած չկա, գնացեք այդ համայնքներ ու հարցրեք բնակիչներին` ում հողատարածքներն են: Նրանք անուն, ազգանունով կասեն, մատով ցույց կտան, տեղն էլ կասեն»:
Ամեն ամառ ավելի ու ավելի է նկատվում Ազատ գետի ջրի նվազումը, էլ գետ չկա, առու է՝ ասում են համայնքի բնակիչները: Գառնի համայնքի բնակիչ, ակտիվիստ Արուսյակ Այվազյանը շեշտում է` կիրճի ոչնչացման մտքի հետ գառնեցիները չեն կարող հաշտվել: «Մենք հաստատակամ էինք` ամեն գնով մեր ունեցածը փրկել կործանումից»,- ասում է:
Գառնեցիները հիշում են, որ նման պայքարով կանխվեց նաեւ Գառնու պատմական տաճարի կողքին սրճարանի կառուցման բիզնես ծրագիրը: Գառնու կիրճում բնապահպանական 4 հուշարձան է հաշվառված, այնինչ կառավարությունը հուշարձանների կադաստրային քարտեզագրում չուներ ու ըստ էության չէր կարող հավաստիացնել, որ շինաշխատանքներով չեն վնասի նաեւ բնության հուշարձանները: «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը հայտարարում է` ծրագրի դեմ իրենց բոլոր առարկությունները հիմնավորված են:
Ի դեպ` այսօրվա քննարկմանը հրաժարվել էին մասնակցել բնապահպանության նախարարությունից, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից, Ջրային տնտեսության պետական կոմիտեից եւ «Հայհիդրոնախագծից»: Միայն Համաշխարհային բանկից իրազեկել են` հարցն այս պահին քննարկվում է Վաշինգտոնում:




