

Ինչպես միշտ Հայաստանում ընդունվում են օրենքներ, որոնք, կարծես թե, լավն են, սակայն, մի բան է օրենքի ընդունումը, մեկ այլ բան՝ դրանց կատարումը: Այս մասին այսօր շեշտել է Սպառողներ ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով վերջերս ընդունված «Դեղերի մասին» օրենքին: Այնտեղ կան սողանցքային դրույթներ, որոնց հիման վրա կառավարությունը ենթաօրենսդրական ակտեր կընդունի, իսկ արդյունքում կտուժի սպառողը՝ հայտարարել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Սպառողների իրավունքների պաշտպանը ընդունված օրենքից բխող այլ վտանգներ եւս տեսնում է: Թեմային անդրադարձել է նաեւ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա ԻԱՄ դեղագործական դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը:
«Դեղերի մասին» ընդունված օրենքի մեջ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը մոնոպոլիզացիայի վտանգ է տեսնում:
«Պետք է էլի ինչ-որ խոշարացում գնա, որովհետեւ այնտեղ տարբեր պահանջներ կան, որ պետք է լինի համապատասխան տարածքներ եւ այլն, եւ այլն, որի հիման վրա հնարավոր է, որ տեղի ունենա էլի մոնոպոլիզացիա»:
Սա այն դեպքում, երբ այսօր պայքար է ծավալվում մենաշնորհների դեմ՝ հավելեց Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքով՝ օրենքի վերաբերյալ քննարկումներին մաս չեն դարձվել սպառողական կազմակերպությունների փորձագետներ, ինչը օրենքի պահանջ է: Սա ժողովրդավարական չէ՝ դժգոհեց նա: Ամեն դեպքում՝ սպառողների իրավունքների պաշտպանը նման օրենքի ընդունումը շատ կարեւոր է համարում: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա ԻԱՄ դեղագործական դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանի խոսքով էլ՝ սա այն ոլորտն է, որն ազգային անվտանգության նշանակություն ունի: Ըստ նրա՝ բացթողումներ կան: Նա, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ օրենքում բավարար տեղ տրված չէ ԱՆ-ի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին, որը բավականին լուրջ կառույց է՝ դեղերի գրանցման եւ որակի վերահսկողության իրականացման համար:
«Այսօր դեղերի որակի հսկումը, դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանում: Գաղտնիք չէ, որ կեղծում են այն դեղերը, որոնք կարեւոր են եւ խիստ թանկ են»:
Սպառողների իրանունքների պաշտպանները նաեւ խորհուրդ տվեցին, որ կեղծ դեղերից խուսափելու համար անհրաժեշտ է գնել միայն օրիգինալ արտադրողներից: Նրանք վստահեցրին նաեւ, որ ունենք տեղական փայլուն արտադրողներ, եւ կառավարությունը պետք է մտածի նրանց ավելի մեծ հնարավորություններ տալու մասին: Դեղարտադրությունը թանկ գործընթաց է, լավ դեղը չի կարող էժան լինել, ուստի՝ պետական դոտացիան այստեղ անհրաժեշտ է՝ եզրափակեցին սպառողների իրավունքների պաշտպանները:
Գայանե Խաչվանքյանի խոսքով՝ մաս կազմելով ԵՏՄ-ին, մենք դեղերի շուկայում լուրջ ռիսկեր ունենք, քանի որ մեծանում է անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում կեղծված դեղերի ներթափանցում Հայաստան: Դեղերի գործակալության շնորհիվ դա տեղի չի ունենում: Հիմա, սակայն, ԵՏՄ երկրներից կարող են ներկրվել դեղեր՝ առանց վերահսկվելու ԱՆ դեղագործական կոնտրոնի կողմից: Այս պատճառով, նրա կարծիքով, վերահսկող այդ մարմնի լիազորությունները պետք է ուժեղացնել՝ հաշվետու լինի ԱՆ-ին, սակայն, անկախ գործի՝ անաչառ լինելու համար: Այդ կառույցն է այսօր միայն սահմանին կանգնեցնում՝ կեղծ դեղերի հնարավոր ներթափանցումը հնարավորինս կանխելով:
Գայանե Խաչվանքյանը նաեւ նկատեց, որ ընդունված օրենքի բացերից մեկն էլ այն է, որ չի կարգավորում ինտերնետի միջոցով դեղերի գովազդն ու վաճառքը, ինչը նույնպես ռիսկային ոլորտ է:
Սպառողների իրավունքների պաշտպանները նշեցին, որ «Դեղերի մասին» ընդունված օրենքը դեղերի գնի վրա ազդեցություն չի կարող ունենալ, սակայն, այն գները վերահսկելու հնարավորություն տալիս է: Նրանք նշեցին, որ սա ամենաշահութաբեր ոլորտն է այսօր աշխարհում, ապա հույս հայտնեցին, որ այս առումով պատկան ատյանները կանեն ամեն ինչ՝ հաշվի առնելով մեր ժողովրդի գնողունակությունը:




