
տեղադրվել է ժամը 13։58- ին
լրացվել է ժամը 18։46- ին

Խորհրդարանի մշտական հանձնաժողոներն այսօր սկսել են Բյուջե 2015-ի կատարողականի քննարկումները: Առաջին նիստի առաջին տասը րոպեներին քննարկմանը մասնակցել են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրելյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրանք, սակայն, քննարկմանը մասնակցել են՝ առանց մեկնաբանությունների: Նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության հիմնական ցուցանիշները ներկայացրել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը : Իսկ պատգամավորներին հարցերը վերաբերել են ոչ այնքան նախորդ, որքան այս տարվա բյուջեին:
Թե ինչպես են կատարվել նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով սահմանված ցուցանիշները, ընդհանուր ամփոփումներով պատգամավորներին ներկայացրեց գլխավոր գանձապետը: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ջանքեր են գործադրվել մի շարք երևույթների բացասական ազդեցությունը մեղմելու համար: 2015-ին կրճատվել են ներդրումները, սպառումը, տրանսֆերտները, մասնավոր հատվածի եկամուտները:
Ըստ գլխավոր գանձապետի՝ բյուջեն իր վարքագծով փորձել է թուլացնել բացասական այս ազդեցությունը: Ընդհանուր առմամբ 2015-ի բյուջեն կատարվել է հետևյալ հիմնական ցուցանիշներով ՝ տնտեսական աճը ՝ 3% նախատեսված 4.1-ի փոխարեն, բյուջեի պակասուրդը՝ ՀՆԱ-ի նկատմամբ 4.8% ծրագրված 2.3 տոկոսի փոխարեն, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 41.4% :
«Պարտքի հիմնական մասը` 1 տրլն 858.1 մլրդ դրամը կամ 3 մլրդ 841 մլն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը կամ 476.3 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները: Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով»: Ջանջուղազյանը կրկնեց, որ այս ցուցանիշով Հայաստանն առայժմ դասվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:
Հայաստանի ֆինանսական ցուցանիշները կառավարելի սահմաններում են՝ շարունակեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով ՝ 2015-ին պետբյուջեի պակասորդի կտրուկ աճը նպաստել է ծախսերի ավելացմանը, ինչն էլ օգնել է պահպանել տնտեսական ակտիվությունը:
Արթուր Ջավադյանի հաշվետվությունից պարզ դարձավ, որ Կենտրոնական բանկը 2015-ին ծառայողական ավտոմոքենաների պահպանման և շահագործման համար ծախսել է 76 միլիոն դրամ: Շատ ավելի պատկառելի գումար ծախսվել է աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման համար՝2 միլիարդ 547 միլիոն դրամ: «Նշված գումարները ուղղվել են Սիսիանում դրամարկղային կենտրոնի կառուցման, Դիլջանում ընդունելություններ տան և դպրոցի կառուցման աշխատանքներին»:
Մինչ բյուջեով նախորդ տարվա ընթացքում լուրջ գումարներ էին հատկացվում ծառայողական ավտոմեքենեների պահպանման, նաև աշխատանքային շինությունների կառուցման համար, որոնցից ամենաաղմկահարույցը Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցումն էր, այս տարի արդեն կառավարությունը խոսում է ծախսերի կրճատման ու օպտիմալացման անհրաժեշտության մասին: Այդ շրջանակներում արդեն հայտարարվել է 800 ավտոմեքնեայի կրճատման մասին: Պատգամավորներն այսօր ուզում էին իմանալ, թե ինչ է սպասվում իայդ ավտոմեքենաներին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ դրանք վաճառվելու են աճուրդով: Իսկ այդ գործարքներն արտացոլվելու են արդեն հաջորդ տարվա բյուջեի կատարողականում:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը կարծում է, որ ծառայողական մեքենաներից ազատվելը, այո, ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորություն է: Նա համաձայն է, որ գործուղումների, ծառայողական մեքենաների ծախսերը միշտ են քննարկման , նաև քննադատության առարկա եղել: Ուրեմն ինչու հիմա կառավարությունը որոշեց արձագանքել դրանց: «2015-ը ամփոփովեց, որոշվեց 2016-ին գնալ այդ քայլին, որի արդյուքնում կարող են որոշակի տնտեսումներ լինել: Ուղղակի պետք է հստակ որոշվի , թե պետական պաշտոնյաներից ով կարող է ունենալ ծառայողական ավտոմեքենա, ով ՝ ոչ»:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ նորացված պայքարին, ապա Արմեն Ալավերդյկանը կարծում է, որ այդ պայքարը վերջնաժամկետ չունի, իսկ շոշափելի արդյունքները միանգամից չեն դրսևորվում: Կոռուպցիան նվազեցնելու համար, ըստ նրա, պետք է հասկանալ պառճառները: «Եթե պետական ապարատը պաշտպանված չէ սոցիալապես, աշխատավարձերի մակարդակը բարձր չէ, որ պաշտոնյաների անձնական կարիքները բավարարի, ապա այդ ռիսկը մշտապես լինելու է»:
Արմեն Ալավերդյանը չի ժխտում, որ հակառակը նույնպես հնարավոր է, որ կոռուպցիա լինի նաև բարձր վարձատրության դեպքում: Ասում է՝ պատասխանատվությունը պետք է ավելի հասցեական դարձնել: «Պետական չինովնիկը պետք է պատրաստ լինի այդ հարցերը լսելու, դրանց պատասխանելու և դրանց տակից դուրս գալու»:
Բյուջե 2015-ի կատարողականի քննարկումները շարունակվելու են առաջիկա ամբողջ շաբաթվա ընթացքում: Դրանք ոլորտ առ ոլորտ քննարկվելու են համապատասխան հանձնաժողովների նիստերում: Նկատենք միայն , որ մեկնարկն առանձնապես շահագրգիռ քննարկումներով չտրվեց . առաջին նիստի առաջին 10 րոպեներից հետո քննարկումն առանց մեկնաբանությունների լքեցին վարչապետը, ԱԺ նախագահը, ֆինանսների նախագահն ու փոխվարչապեը, իսկ պատգամավորներից քննարկմանը մասնակցողների թիվը հազիվ մեկ տասնյակ էր:




