ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«800 հա տարածքի հարցը, հավանաբար, կդառնա բանակցության առարկա»

alisagevorgyan
«Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա տարածքի հարցը, հավանաբար, կդառնա բանակցության առարկա»,- Երևանում մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ առանձնազրույցում այսօր նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ՝ մենք պե՞տք է մոռանանք այդ տարածքների մասին, ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ասել, նախարարը նշել է. «Ինչպես մենք չենք մոռանում մեր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ: Դրա համար մենք ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:

«Մարտական գործողությունների ժամանակ թե’ պաշտպանողական, թե’ հարձակողական, լինում է զորքերի այդ տեղաշարժը: Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը իր առջև դրված խնդիրը կատարել է: Ինչ վերաբերվում է այդ տարածքներին, դրանք ամրագրված են ԼՂՀ սահմաններում և, կարծում եմ, բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կդրվի, որը կվերաբերի նաև այդ տարածքներին», — ասել է Սեյրան Օհանյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂՀ ՊԲ հետ: Հրադադարի ռեժիմը փորձում ենք պահպանել, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկել իրավիճակը», — նշեց նախարարը:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Կարդացեք նաև

Back to top button