
տեղադրվել է ժամը 14։15- ին
լրացվել է ժամը 18։57- ին

ԱԺ ճեպազրույցներում այսօր խորհրդարանական ուժերն անդրադարձել են սահմանային իրավիճակին ու քառօրյայի ընթացքում քննարկված կարևոր օրինագծերին, բայց առավել հանգամանորեն խոսել են վերջին շաբաթվա ընթացքում առանցքային դարձած թեմայի՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ կառավարության հայտարարած պայքարի մասին: Ինչպես են գնահատում վարչապետի վերջին հայտարարությունները ընդդիմադիր ու իշխանական ուժերը, որքանով են արժանահավատ համարում հավաստիացումները , որ մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարը նոր ու ավելի վճռական փուլ է տեղափոխվում:
Անկասկած հասարակությանն ավելի հաճելի է տեսնել, որ պաշտոնյաների ծախսերը չափավոր են՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի արձագանքն է հարցին, թե ինչպես է վերաբերում պաշտանյաների շռայլ ծախսերին: Խոսքը մասնավորապես թանկարժեք ժամացույցների մասին էր: «Ես 400 դոլար արժողությամբ ժամացույց եմ կրում։ Ապրանքանիշը շատ հայտնի չէ» ։
Ընդհանուր առմամբ, պատգամավորը կարծում է, որ ծախսերը պետք է խելամիտ եւ արդարացված լինեն։ Այդ դեպքում միայն հանրությունը ըմբռնումով կմոտենա կառավարության հավաստիացումներին: Վերջին 2 շաբաթների ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ վստահեցնելով, որ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը նոր փուլ է տեղափոխվում:
Արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը հավատում է կառավարության այս վստահեցումներին: «Հեշտ հարց չեք տալիս: Միանշանակ պնդել, որ ամեն ինչ ձախողվելու է, սխալ կլինի: Շատ կարճ ժամանակ հետո ընտրական գործընթացներ են սպասվում: Վարչապետն իր թշնամին չէ, որ հայտարարի և գոնե ինչ-որ քայլեր չձեռնարկի»:
Միքայել Մելքումյանը գիտի, որ հանրության մեջ վատատեսական սպասումներ կան, բայց կարծում է, որ իշխանություններին պետք է աջակցել: Կառավարությունն այսօր մենակ է՝ հայտարարեց Միքայել Մելքումյանը՝ հորդորելով օգնության ձեռք մեկնել: «Ինչպես պատերազմի ժամանակ կամավորները օգնության հասան, այնպես էլ այս պայքարում կառավարությանը աջակիցներ են պետք»:
Եթե իշխանությունը լավը չէ, բայց լավ բան է ասում ՝ պետք է հավատանք՝ ամփոփում է Միքայել Մելքումյանը , նկատելով, թե իշխանության որակի նկատամամբ կասկաները հիմք չեն լավ նախաձեռնություններին չհավատալու համար:
Հավատալու հարցում նույնքան միանշանակ չէ ՕԵԿ-ի վերաբերմունքը:
«Տպավորություն է, թե կոռուպցիա չկար, չկար, մեկ էլ հանկարծ սկսեցինք պայքարել դրա դեմ»,- Մհեր Շահգելդյանը տարակուսում է՝ արդյոք կառավարության հայտարարած խնայողությունների ռեժիմը պետք է սկսվեր հենց ծառայողական մեքենաների կրճատումից:
Ծառայողական մեքենաներից բացի, պետական ծախսերում այլ ճեղքեր էլ կան: Սա արդեն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքն է: Նրա խոսքով, կառավարման համակարգում առնվազն 800 ծառայողական մեքենայի կրճատումը թույլ կտա ինչ-որ բան խնայել, բայց նվազագույնն է, որ կարելի է անել: «Հիշո՞ւմ եք, թե ձուկը որտեղից է փտում: Ճիշտ է: Խնայողության ավելի կարեւոր աղբյուրներ կան: Կառավարության աշխատակազմը փքված է, երկրում կոռուպցիա կա, մենաշնորհներ: Ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծել հետևյալն է՝ վերացնել ապօրինի մենաշնորհըները»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունները մենաշնորհները վերացնելու , կոռուպցիայի դեմ ավելի վճռական պայքարելու մասին հուսադրող են: Արմեն Ռուստամյանը նաև հասկանում է խորհրդարանում Հովիկ Աբրահամյանի հայտարարության տրամաբանությունը: Վարչապետը, երբ ասել է մենաշնորհ չկա, նկատի ուներ, որ օրենքով չկա, փաստացի գուցեև գոյություն ունի:
Ի դեպ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ շաբաթ օրը տեղի ունեցած քննարկման ընթացքում է պայմանավորվածություն ձեռք բերվել ԱԺ ամբիոնից նման հայտարարություն անելու:
Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը չի կարող մեկ քայլով իրականացվել ու միանգամից արդյունք տալ ՝ թերահավատներին պատասխանում է խորհրդարանական մեծամասնսթւյան ղեկավարը:
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ հարցը միշտ էլ առաջնահերթ և օրակարգային է եղել: «Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ կառավարությունն ավելի ճկուն ու կտրուկ քայլեր պետք է կատարի»:
Խորհրդարանում վարչապետը հայտարարել էր, որ որևէ ընկերության համար որևէ արգելք լինել չի կարող, ցանկացած ընկերություն կարող է ներկրել այն, ինչ ցանկանում է: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից այսօր հետաքրքվեցին, թե ինչ է փոխվել, չէ որ օրենքը միշտ էլ դա թույլատրել է ու արգելել հակառակը:
Բաղդասրյանի խոսքով ՝ եղել են դեպքեր , երբ օրենքը շրջանցվել է, այժմ կառավարությունը փորձում է ավելի խիստ պայմաններ սահմանել , որը օրեքը հավասար լինի բոլորի համար: «Որևէ տեղ, որևէ երկրում նման ռեֆորմատիվ փոփոխությունները, միանգամից, արագ կատարվող, որևէ արդյունքի չեն հասցրել: Դա բավական ռիսկային է, վտանգավոր»:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հորդորում է համբերել ՝ մեկ-եչրկու ամիս հետո արդյուքները նտեսանելի են լինելու:




