

Այսօր «Դերժավա գրուպի» գլխամասային գրասենյակում ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի, Միջազգային հյուրանոցային ցանցի և InterContinental Hotels Group-ի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ հայաստանյան Crowne Plaza ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը կհանձնվի Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի հյուանոցային տարածքը:
Հիմնականում խոշոր բիզնես կենտրոններ ունեցող քաղաքներում բացվող Crowne Plaza-ն InterContinental Hotels Group-ի ժամանակակից բիզնես հյուրանոցի կոնցեպցիան է՝ ստեղծված գործնական ճամփորդություններն ավելի ճկուն, մշտական կապի մեջ և մոբիլ դարձնելու համար:
Աշխարհի 65 երկրներում Crowne Plaza-ն ունի 406 հյուրանոցներ և 113,562 սենյակներ և InterContinental Hotels Group -ի 4-րդ խոշոր և ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկն է: InterContinental Hotels Group-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արոն Լիբինսոնը հայտնել է, որ հյուրանոցը լինելու է 5 աստղանի և ունենալու է 100 համար: Նաև նշել է, որ իր պապը հայ էր, և մեծ պատիվ է ներկայացնել իրենց հյուրանոցային բրենդը Հայաստանում:
Իր հերթին կարևորելով InterContinental Hotels Group-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում 2018 թվականի ավարտին Երևանում բացվելու է Crowne Plaza հյուրանոցը, Դերժավա –Ս ընկերության սեփականատեր Ստանիսլավ Հովակիմյանը նշել է, որ նման խոշոր հյուրանոցային օպերատորի մուտքը Հայաստան իր հետ բերելու է նոր որակ տուրիզմի զարգացման ոլորտում և ապահովելու է նոր աշխատատեղեր: Նախագծի իրականացման համար նախատեսվում է շուրջ 20 մլն դոլարի ներդրում:




