
Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը մայիսի 16-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը:
Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:
Հիշեցնենք, Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից:




