

Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ստիպել է խորհրդարան գալ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր պատգամավորներին տեղեկացրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ երկու նախարարները հանդես կգան արտահերթ ելույթներով և կանդրադառնան ՎՊ-ի արձանագրած խախտումներին: Երկու ոլորտներն էլ ՎՊ նախագահի կողմից երեկ ռիսկային էին գնահատվել:
ՎՊ խորհուրդը որոշել է ստուգել բոլոր մարզերի սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը՝ երեկ ասել էր Իշխան Զաքարյանը, նշելով, որ 2015-ին միայն երկու մարզերում իրականացված ստուգումները տարբեր խախտումներ են բացահայտել: Կառույցը ուսումնասիրվել էր ընտանեկան նպաստի համակարգը:
Նախարարությունը չի անտեսել ՎՊ-ի արձանագրած խախտումները՝ այսօր խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Դրա արդյունքում 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, 3 տնօրեն ստացել է խիստ նկատողություն, ևս 11 պաշտոնատար անձ ստացել է նկատողություն: Սա ընդամնեը միայն մեկ արձագանքն է հաշվետվության արդյունքներին: Մենք նաև կառավարություն ենք ներկայացրել համապատասխան միջոցառումների ծրագիր և քայլեր, որոնք պետք է լուծում տան այս խնդրին»:
Ըստ նախարարի՝ խնդիրները երկու խմբի են բաժանվում: Նախ՝ ընտանեկան նպաստի համակարգում չկա կենտրոնացված կարգով գործող տեղեկատվական շտեմարան և ռիսկներն ու խնդիրներն այս ոլորտում դեռևս առկա են: Լուծման ճանապարհը, ըստ Ասատրյանի, նույնն է՝ տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը: Մյուս խնդիրն էլ կապվում է անապահովությունը գնահատող համակարգի անկատարության և թերությունների հետ:




