Քաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը

Արցախի ԱԳՆ- ն դրական է գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ՝ ասված է ԼՂՀ ԱԳՆ հրապարակած մեկնաբանության մեջ։

«Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։

Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։ Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով»,- ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button