

Մինչ բնապահպանները ահազանգում էին, որ երկիրն օրհասական վիճակում է, պատկան կառույցները լուրջ չէին վերաբերվում մասնագետների անհանգստությանը, այսօր արդեն նույն ահազանգն է հնչեցնում ՄԱԿ-ը: Ավելին՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, ով նոր է վերադարձել օրերս Ժնևում կայացած ՄԱԿ-ում կայուն զարգացման համաեվրոպական ֆորումից, նման անհանգստացնող զեկույց դեռ չէր լսել: Մենք մոլորակը հասցնում ենք այն սահմանին, որի հետևանքներն անդառնալի են՝ հայտնել է Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով, որ անգամ աղետների աճն է տարեց տարի կրկնապատկվում:
«Ամեն օր լսում ենք՝ որտեղ ինչ եղավ: Եվ դա պատահականություն չէ, դա մոլորակի պատասխանն է: Դրա համար եվրոպական կառույցները հավաքել էին մի խումբ հկ-ների և պետական կառույցների ներկայացուցիչների: Բոլորը խոսում էին, որ անպայման պետք է ներգրավվեն հանրության բոլոր շերտերը: Հայաստանը դեռ չի ներգրավվում այդ համաշխարհային գործընթացներին: Ես մեծ թերացում եմ դա համարում մեր կողմից: Օրինակ՝ թափոնների կառավարման խնդիրը: Ամբողջ Հայաստանը աղբով ծածկված է: Մի կողմից ասում ենք տուրիզմ զարգացնենք, մաքուր գյուղատնտեսություն զարգացնենք, մյուս կողմից այս խնդիրներն ունենք: Մեր գետերը դարձել են ուղղակի աղբատարներ: Բայց երբ քննարկում ենք պետական կառույցների հետ, բոլորը գտնում են, որ իրենք ամեն ինչ անում են, և մենք նման խնդիր չունենք: Մեզանում ոչ ոք ընդհանուր պատասխանատվություն չունի»,- ասել է Կարինե Դանիելյանը»:




