ԿարևորՔաղաքական

Փոխզիջման փնտրտուքներով. ԱԺ- ն շարունակում է ԸՕ քննարկումները

lusinevasilyan

Ազգային ժողովի`  այսօր մեկնարկած քառօրյայի  օրակարգում Ընտրական օրենսգրքի նախագիծն է՝ հարակից փաթեթով: Այն առաջիկա 3 օրերի ընթացքում, ըստ կառավարության առաջարկի,  պետք է քննարկվի և քվեարկվի  միանգամից երկու ընթերցումներով: Այս շտապողականությունից պատգամավորները դժգոհել են: ՀԱԿ-ը արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է արել, կառավարությունն այդ հնարավորությունը չի բացառել:

 

Ըստ փոփոխված Սահմանադրության՝ Ընտրական օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Այսօր մեկնարկած քառօրյան միակն է մայիսի ընթացքում: Սա նշանակում է, որ Ընտրական օրենսգիրքը ՝ հարակից փաթեթով երկրորդ և երրորդ ընթերցումներով պետք է ընդունվի այս քառօրյայի ընթացքում: Հենց այդ պատճառով էլ կառավարությունը փաթեթը քննարկման է ներկայացրել հատուկ կարգով՝ երրորդ  ընթերցումը  երկրորդից 24 ժամ հետո ընդունելու պայմանով:

Պատգամավորենրը շտապողականության պատճառը հասկանում են, բայց դժգոհ են:  Ընտրական օրենսգիրքը չի կարող շտապողականության մթնոլորտում ընդունվել ՝ ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: «Շտապողականությունը, որ դրսևորվում է, պայմանավորված է Սահմանադրությամբ, սակայն չի կարելի թույլ տալ, որ այս կարևոր փաստաթուղթն ընդունվի շտապողականության մթնոլորտում: Մենք առաջարկում ենք, որ հենց հիմա հրապարակային երաշխիքներ տրվեն, որ երկրորդ ընթերցմամբ  ընդունումից հետո արտահերթ նիստ կհրավիրենք, կքննարկենք  մեր առաջակները և կոնսենսուսի խնդիրը»:

Պաշտոնական հավաստիացումը չուշացավ:  Կառավարությունը արտահերթ նիստի հնարավորությունը  չի բացառում՝  օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացնող Դավիթ Հարությունյանը վստահեցրեց. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե կարողանանք կոնսենսուսի գալ , արտահերթ նիստ կհրավիրենք: Այո, մենք ենք խնդրել փաթեթը  հատուկ կարգով քննարկել, քանի որ մինչև հունիսի 1-ն ընդունելու պահանջ կա: Եթե արտահերթ հրավիրվի, ապա երրորդ ընթերցմամբ քննարկում այս քառօրյայում չի կազմակերպվի»։

Կազմակերպականից բովանդակայինին անցենլով՝ Դավիթ Հարությունյանը պատգամավորներին մանրամասն ներկայացրեց, թե ստացված բազմաթիվ առաջարկություններից որոնք են ներառվել նախագծում: Տպավորությունն այնպիսին էր, որ նախագծում շատ բան  փոփոխվել է, բայց նաև շատ առաջարկներ էլ չեն ընդունվել:   Համենայն դեպս, առաջարկները չընդունելու մասով դժգոհության պակաս խորհրդարանում չկար:

Հրանտ Բագրատյանն օրինակ հայտարարեց, որ իր 2 տասնյակ առաջարկություններից 4-5-ը ՝ համեմատաբար թեթևները, մասամբ ընդունվել են, մյուսները հաշվի չեն առնվել: Արդյունքում՝ Բագրատյանի նախնական գնահատականներըև չեն փոխվել:  «Ես դեմ եմ, սա տանում է դեպի ոչ մի տեղ, չի կարող հանգեցնել ոչ մի առաջընթացի: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է իր մեջ ուժ գտնի, որ չընդունի»։

ԲՀԿ-ն փոքր-ինչ այլ մոտեցում ունի. այս կամ այն առաջարկը ընդունել-չընդունելուց ավելի կարևորում է քաղաքական կամքի առկայությունը: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ առանց դրա որևէ օրենսգիր՝ անգամ լավագույնը, ոչինչ չի փոխելու: «Եթե արդար ընտրություններ անցկացնելու կամքը չկա, ուզում է ձեր տասը մատը դնեք էլեկտրոնային սարքի վրա կամ մի մատը, կամ բոլոր քվեարկած ընտրացուցակները հրապարակեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու»:

Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց նաև, որ  91-ից սկսած  բոլոր իշխանություններն ապացուցել են, որ չեն ունեցել այդ կամքը: Ունի թե չունի այսօրվա իշխանությունը, տիկին Զոհրաբյանը ելույթում չասաց:

ՀԱԿ-ն էլ որոշակիորեն ԲՀԿ-ի հետ համաձայն չէ: Միևնույնն է, կարծում է, որ 5 հայտնի առաջարկները պետք է ընդունվեն: Դրանք վերջնագրեր չեն, տրամաբանված և իրացվելի առաջարկներ են՝ ասաց Արամ Մանուկյանը: «Եկեք ընդառաջ, որ էս նեղ վիճակից դուրս գանք, մի փոքր դրական շահաբաժին ստանանք հասրակությանից»:

Ավելի քան մեկ ամիս ձգվող քննարկումը ուղեկցվում է կոնսենսունսի փնտրտուքով: Այսօր ևս կողմերը խոսեցին դրա  մասին: Այն դեռ չկա, բայց կարևորը , որ դրա հնարավորությանը  թե ընդդիմությունը, թե իշխանությունը դեռ հավատում են: Արամ Մանուկյանն այսօր ընդառաջ քայլ համարեց արտահերթով հարցը քննարկելու կառավարության պատրաստակամությունը, Էդուարդ Շրմազանովն էլ քայլ համարեց Արամ Մանուկյանի հայտարարությունը: ԱԺ փոխնախագահւ որակական փոփոխություն է նկատում քաղաքական քննարկումներում: «Միասնական աշխատանքի արդյուքնում տեսնում ենք, որ դրական տեղածարժ կա: Մինչև Ընտրական օրենսգրքի քննարկումը բաժակը  դատարկ էր , հիմա կիսով չափ լցրել ենք: Երկրորդ ընթերցումից հետո ավելի ենք լցնելու»:

Ընտրական օրենսգրքի քննարկումը խորհրդարանում կշարունակվի վաղը:

Կարդացեք նաև

Back to top button