

Ի՞նչ փաստաթուղթ կամ հարց է դրվելու այսօր Վիեննայում բանակցային սեղանի շուրջ հավաքվողների համար: Ադրբեջանական ռազմական արկածախնդրության արդյունքում ստատուս քվոյի խախտման, հարյուրավոր զոհերի եւ շուրջ 200 դիվերսիոն փորերի պայմաններում արդյո՞ք Հայաստանը կրկին համաձայն է խոսել նախկինում բանակցած փաստաթղթի մասին: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Աժ-ում խուսափում էր Վիեննային վերաբերող հարցերից: Հնարավոր է, որ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջիկայում կազմակերպի քննարկում՝ բացառապես բանակցային խնդիրները եւ առկա իրավական փաստերը քննարկելու համար: Քննարկումը, սակայն, փակ է լինելու: Պատգամավորներն այսպիսի քննարկումը կարեւորում են հատկապես Վիեննայի հանդիպումներից հետո՝ ընթացքը ճիշտ հասկանալու ու նաեւ խորհրդարանի հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու համար: Ի դեպ՝ այսօր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում մեկ հարց էր՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը:
«ՎիեննԱյում այսօրվա հանդիպումներով բանակցությունները Արցախի շուրջ չեն վերսկսվում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Առանձնապես տեղեկություն այդ հանդիպումից նա չի փոխանցում, պարզապես հստակեցնում է. «Այսօր խոսել բանակցային գործընթացի մասին անիմաստ է: Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար։ Ավելին՝ պետք է ին-չ որ վստահության միջոցներ կյանքի կոչվեն: Այսօրվա հանդիպման հետ կապված նպատակը նա է, որ ոչ միայն կանխվի հետագա ռազմական գործողությունների վերսկսումը, այլ նաեւ լինի կայուն զինադադար: Այսօր մենք միայն դրա մասին կարող ենք խոսել»։
Ասածի իմաստը բացատրելու համար փոխարտգործնախարարը խորհուրդ է տալիս հիշել 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն ունի երկու սկզբունք՝ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցում: Մինչեւ վերջերս Ադրբեջանը խախտում էր միայն կրակի դադարեցման սկզբունքը, բայց ապրիլյան ռազմական արկածախնդրությամբ խախտեց պայմանագիրն ամբողջովին՝ անտեսելով նաեւ երկրորդ՝ ռազմական գործողությունների դադարեցման սկզբունքը:
Հայաստանը հենց այդ պահից սկսեց մշակել «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության մասին» փաստաթուղթը: Այն արդեն պատրաստ է եւ գտնվում է փորձագիտական քննարկումների փուլում, տեղեկացնում է փոխարտգործնախարարը: Կառավարությունից եկող ազդակները յուրովի հասկանալով եւ մեկնաբանելով՝ ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը ենթադրել են, թե Հայաստանի կառավարությունը դեմ չէ եւ արդեն պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը: Մինչեւ խորհրդարանի օրակարգ մտցնելը՝ համապատասխան օրենքի նախագիծն արդեն 4-րդ անգամ քննարկվեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
Նախագիծը ներկայացնելիս համահեղինակները հաշվի են առել ղարաբաղյան կողմի կարծիքը, պնդում է Հրանտ Բագրատյանը: «Մենք հնարավորություն չունենք շփվելու Ղարաբաղի նախագահի հետ, ես չունեմ նրա կարծիքը: Կարող եմ վստահաբար ասել, որ ԼՂ ԱԺ 33 պատգամավորների մեջ, համենայնդեպս, ինձ ոչ մեկը չի ասել, որ հիմա դա պետք չի կամ դա սխալ է: Բոլորը կողմ են դա ընդունելուն: Այս պայմաններում պետք է անպայման ճանաչել ԼՂՀ-ն, նրանց մենակ չթողնել ապագա ագրեսիաների նկատմամբ:»։
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հստակ ասում է՝ կառավարության եզրակացությունը այս նախագծին բացասական է: Նման դիրքորոշում ունի խորհրդարանի մեծամասնությունը: Պահի անպատեհության առումով հիմնավորումները տարբեր են՝ թե Ադրբեջանը միանգամից կսկսի պատերազմը, թե Հայաստանն այդ քայլով կմեկուսանա միջազգային հանրությունից եւ բազմաթիվ այլ հիմնավորումներ:
Հանրապետական խմբակցությունից պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանի ներկայացմամբ՝ 24-ժամյա կապ ունի Արցախի հետ, ասում է շարքային քաղաքացիները մեծ հույսեր են կապում այսօրվա Վիեննայի հանդիպման եւ առհասարակ բանակցային գործընթացի հետ: «Այսօր ես սարսափում եմ, եթե որեւէ մեկն ինձ հարցնի կստորագրե՞մ այսպիսի ճակատագրական օրենսդրական նախաձեռնության տակ, ես չեմ անի: Բա եթե հանկարծ, Աստված չանի, մենք ընդունեցինք եւ սա դառնա առիթ ռազմական լայնամաշտաբ գործողություններ սկսելու համար, այդ ո՞վ է պատասխան տալու: Այս հանձնաժողո՞վն է պատասխան տալու, որ որոշեց, թե պետք է Ղարաբաղը ճանաչել»։- ասում է։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ստիպված է հետզհետե թեժացող քննարկումը վերադարձնել բնականոն հուն՝ կոչ անելով հարցին էմոցիոնալ չմոտենալ: Պատգամավորի ներկայացմամբ՝ որեւէ մեկը դեմ չէ ճանաչել Արցախը, պարզապես մշտական խնդիրը այս պահին էլ դեռ գոյություն ունի: Հենց այս սկզբունքով էլ այսօր առաջնորդվեցին շատերը:
Թեեւ նախագծի հեղինակները համաձայն էին, որ փաստաթուղթն ընդգրկվեի ասենք մեծ օրակարգ, առանց քննարկման կանկրետ ժամկետի, բայց պատգամավորները՝ թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, թե հետո՝ Աժ լիագումար նիստում օրակարգի հաստատման ժամանակ, պարզապես չքվեարկեցին: Ավելի պարզ ասած, օրինագծինը ոչ թե մերժվել է, այլ չի ընդգրկվել օրակարգ:




