

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական իրավիճակի ապրիլյան աննախադեպ լարումից հետո առաջին անգամ, հնարավոր է, որ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է, նրանք երկու երկրների նախագահների հանդիպման անհրաժեշտությունը կարևորել էին վերջին հայտարարության մեջ: Իսկ այսօր Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը Վիեննա կմեկնի վաղը, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ կարելի է ակնկալել նախագահների հնարավոր հանդիպումից, ինչպե՞ս այն կանդրադառնա անընդհատ խախտվող հրադադարի վրա, ի՞նչ կփոխի առկա իրավիճակում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները ջանքեր են գործադրում հաջորդ շաբաթ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ ` ասվում էր համանախագահների` այս շաբաթ տարածած հայտարարության մեջ: Դրանում հատուկ ընդգծվում էր, որ սահմանային իրավիճակի ապրիլյան լարումն ստիպում է մտածել երկու երկրների նախագահների հանդիպման մասին:
Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստելու այդ հանդիպման կազմակերպմանը հաջորդ շաբաթ Վիեննայում` ասում էին համանախագհները և մանրամասնում. հիմնական խնդիրը, որ հետապնդվում է այս փուլում, հրադադարի ռեժիմն ամրապնդելն է ու վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնությանը հասնելը: Սա, ըստ համանախագահների, բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար:
Համանախագահների հայտարարությունից ավելի վաղ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բանակցությունները վերսկսելու համար երեք անհրաժեշտ պայման էր առաջադրել ՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։
ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ համանախագահների հայտարարության մեջ արտացոլվել են նախագահ Սարգսյանի երեք առաջարկները:
Կլինի ոչ թե բանակցային գործընթացի հերթական հանդիպում, այլ՝ հնարավորություն այդ գործընթացը վերականգնելու՝ կարծում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: «Կարծում եմ՝ այն վերաբերելու է վստահության մեխանիզմների ներդրմանը, որոնք կարող են շփման գծում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բանակցային գործընթացը իմաստ ունենա»:
Ըստ Նիկոյանի՝ վստահության միջոցները իրավական մեխանիզմներ են պահանջում: Դրանցից մեկն օրինակ առաջարկվել է եռանախագահների կողմից, պաշտպանվել ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի կողմից: Խոսքը սահմանային միջադեպերի հետաքննության կոնկրետ մեխանիզմի մասին է: Հանրապետական Սամվել Նիկոյանի կարծիքով՝ հանդիպման ընթացքում քննարկման առարկա կարող է դառնալ օրինակ այդ մեխանիզմի ներդրման հնարավորությունը: «Դա համապատասխան սարքերի տեղադրումն է, որը կարող է գրանցել, թե ով նախահարձակ եղավ առաջինը։ Այսինքն, միանգամայն հասցեական ցույց կտա, թե ով խախտեց զինադադարը»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդիպման հնարավորությունը ապրիլյան պատերազմից ու Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ընդհանուր առմամբ դրական է գնահատում: Եթե այդ հանդիպումը ծառայելու է այն նպատակներին, որոնք հայտարարվում են միջազգային հանրության կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանում, վերահսկման մեխանիզմների ստեղծում, խախտման դեպքերի հասցեական գնահատում, ապա հանդիպումը կարող է դրական արդյունքներ ունենալ՝ ասում է Դաշնակցության ներկայացուցիչը:
«Բայց եթե նորից սա վերածվելու է հերթական հանդիպման, որից հետո Ադրբեջանը շարունակելու է նույն գործելաոճը, ապա նման հանդիպումից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ»,- ասում է Աղվան Վարդանյանը։
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախ արձանագրում է, որ հանդիպումը բարդ իրավիճակում է կազմակերպվում, թերևս մինչ այժմ տեղի ունեցածներից բարդագույնում: «Չեմ կարծում, որ հանդիպումը բեկումնային չի լինի ու ինչ-որ ճեղքեր կառաջացնի գործընթացում կամ կարեւոր պայմանավորվածությունների կհանգեցնի: Առավելագույնը, ինչ կարող են անել, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, հրադադարի ժամանակավոր հետաձգումն է»:
Մարտիրոսյանը կարծում է, որ ներքին հարթակում հասարական , քաղաքական տրամադրություններն այնպիսին են, որ բացառում են զիջումների հնարավորությունը: «Արցախում ամբողջությամբ, Հայաստանում մեծամասնորեն հասարակությունը, քաղաքական ուժերը տրամադրված են մինչեւ վերջ պայքարի, ինչ նշանակում է, որ զիջումների մասին խոսք գնալ չի կարող»:
Թե ինչ հանդիպումներ են նախատեսված Վիեննայում, պաշտոնապես դեռ պարզ չէ: Հայտնի է միայն, որ այնտեղ կլինեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, նաև ՄԽ համանախագահող երկների արտգործնախարարները: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:




