

«Նոր սահմանադրությունը և ազգային փոքրամասնությունները» թեմայով երեկ քննարկում էր կազմակերպվել Արմավիրի մարզային գրադարանում, որտեղ ներկա էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Բանախոսները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Բորիս Մուրազին և տեր Նիկադիմ Յուխանաևը ներկայացրել են ազգային փոքրամասնությունների խնդիրները: Նոր սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ազգային ժողովում պետք է լինի ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչ։
Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ այլազգիները կազմում են ընդհանուր բնակչության 2.5 տոկոսը: Արմավիրի մարզում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները տարիներ շարունակ հաշտ-համերաշխ ապրել ու արարել են հայերի կողքին: Ամենամեծ հանայնքը եզդիական համայնքն է: Էջմիածնի տարածքի Ֆերիկ գյուղում ապրում են բացառապես եզդիներ, որտեղ նախկինում միայն գյուղապետն էր հայ, իսկ այս տարվա փետրվարի ընտրություններից հետո ընտրվել է եզդի համայնքի ղեկավար: Եզդիներին հաջորդում են ասորիները, հետո քրդերը և մյուս ազգային փոքրամասնությունները, որոնք համեմատաբար ավելի քիչ են: Մարզում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միշտ էլ պահպանել են իրենց ինքնությունը և նրանց նկատմամբ խտրական դրսևորումներ չի եղել: Ասորիներն ու եզդիները սովորում են իրենց մայրենի լեզուն, կազմակերպում մշակութային միջոցառումներ:
Նոր սահմանադրությունը նախատեսում է պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները, ընդլայնել նրանց ներգրավվածության շրջանակը պետական կառավարման ապարատում, ունենալ 4 ներկայացուցիչ Ազգային ժողովում: Հայաստանի ասորական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Յուխանաևը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, սակայն մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովում համայնքը չի ընտրելու ներկայացուցչին, այլ անցնելու են կուսակցական ցուցակով:
«Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին դեմ է քանակական առումով ԱԺ-ում ազգային փոքրամասնության տեղերի բաշխմանը: «Համայնքը, որ չունի 20000 ձայն ստանում է մեկ տեղ, և համայնքը, որն ունի 20000 ձայն և մի քիչ ավել, նորից ստանում է մեկ տեղ»,- դժգոհեց Բորիս Մուրազին:
Ազգային փոքրամասնությունների օրենքի նախագծի մշակման մասնակիցներից է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նշե, որ օրենքը լավն է, սակայն իրազեկման պակաս կա՝ եթե նրանք իմանանան այդ օրենքները և կիրառեն, ապա լրացուցիչ պաշտպանվածության կարիք չեն ունենա: Իսկ ընտրական օրենսգրքի վերաբերյալ նույնպես նշեց, որ սխալ մոտեցում է կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը, քանի որ նրանք չի կարող ներկայացնել իրենց համայնքի խնդիրները:
Նոր Արտագերսում են ապրում Ավչյանների գերդաստանը: Ավչյան Յուվարաշը 30 տարի աշխատել է կոլտնտեսության նախագահ, Մեծ հայրենականին սեփական միջոցներով մեկ տանկ է նվիրել: Աղջիկը՝ Վալյա Ավչիևան նշեց, որ հայրը նամակով դիմել էր Ստալինին՝ տանկը Սասունցի Դավիթ անվանելու համար: Խորհրդային տարիներին եղբայրները բարձր պաշտոններ են զբաղեցրել, բայց հիմա իրենց ոչ ոք չի հիշում :




