

Այսօր լրագրողների համար ամփոփվել են Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ Արցախում անցկացված համաժողովի արդյունքները: Բավականին ընդգրկուն օրակարգ, սակայն, ժամանակաշրջանի բերումով խորհրդաժողովն առավելաբար կենտրոնացել է Արցախի քառօրյա պատերազմի եւ նրա հետեւանքների վրա: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին հարցին՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման խնդիրն էական հարց է, սակայն, Դաշնակցությունը միշտ էլ շեշտել է, որ պետք է հասկանալ դրա ճշգրիտ պահը:
ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը նշեց, որ առաջիկա անելիքներն առնչվելու են Արեւմտյան աշխարում Ադրբեջանի հակահայ քարոզչությանը հակադարձելը, ինչն արել են քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից: Բացի այդ՝ աշխատանքները շարունակվելու են Արցախի ինքնորոշման իրավունքի, ապա նաեւ՝ օտար պետությունների կողմից Արցախի ուղղակիորեն ճանաչման ուղղությամբ:
Հակոբ Տեր-Խաչատրյանը կարծում է այդ առումով որոշակի դրական տեղաժարժեր կան.
«ԱՄՆ նահանգների մի շարք եւ հոսով ենք, որ առաջիկա շաբաթներին 8-րդ նահանգը կմիանա եւ Ավստրալիայի ամենամեծ նահանգը արդեն իսկ շնորհել են այդ ճանաչումը: Չնայած դա նահանգային մակարդակի է, բայց աշխատանքը սկսվել է՝ կաթիլ-կաթիլ: Որուգվայի պարագայում՝ հաջողվեց այդ ճանաչումը ունենալ ոչ միայն օրենսդիր մակարդակով, այլեւ՝ արտգործնախարարի հայտարարությամբ, որ խնդիրը բարձրացնում է գրեթե պետական քաղաքականության մակարդակի»:
Աշխատանքների ուղղություններից մեկն էլ լինելու է հայոց բանակին նյութական միջոցներով օժանդակելու համար սփյուռքի ներուժի ակտիվացումը:
Մերձավոր Արեւելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանի փոխանցմամբ՝ օրակարգում նաեւ սիրիահայության աջակցության խնդիրն է: Մտահոգություն կա՝ դեպի Արեւմուտք, մասնավորապես՝ Կանադա, նաեւ՝ Ավստրալիա սիրիահայերի արտագաղթի առնչությամբ: Այդ առումով քննարկվել է նաեւ սիրիահայությանը արցախում վերաբնակեցնելու հարց: Նրա խոսքով՝ դրա հավանականության խնդիրը պետք է քննարկվի-համադրվի նաեւ սիրիահայության հետ: Արցախում բնակություն հաստատած սիրիահայեր կան, կան նաեւ ցանկացողներ:
«Բայց այդպես՝ մեծ մասշտաբով եւ մեծ թվով ընտանիքներ չեն: Եթե շարունակվի Սիրիայի իրավիճակը, կարելի է այդ ընտանիքների թիվն ավելացնել»:
Արցախում անցկացված խորհրդաժողովը նոր թափ է հաղորդում Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի աշխատանքներին՝ վստահեցրեցին բանախոսները:
Բանախոսը նշեց, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ համադրումներ եւ մարտավարական հստակեցումներ են կատարվել, ապա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական նավթադոլարներին ու ռազմական քաղաքականությանը հայության հնարավորությունների լիարժեք օգտագործումը հակադրելու դեպքում արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա:




