ԿարևորՀասարակություն

ԱԺ- ն կրկին սկսեց «Հրազդան Ցեմենտի» արտոնության հարցի քննարկումը (լրացված)

տեղադրվել է ժամը 14։24- ին
լրացվել է ժամը 18։11- ին

lenabadeyan

Այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը՝ կառավարության ներկայացված օրակարգով: 14 հարցից պատգամավորներն այսօր հասցրել են քննարկել երկուսը: Բայց օրակարգում կան նաեւ կարեւորագույն համարվող այլ նախագծեր եւս: Դրանցից մեկը, օրինակ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծն է, որն արդեն անցել է առաջին ընթերցումը: Այսօր քննարկված հարցերն ավելի շատ սոցիալական ուղղվածության էին եւ հասարակական հնչեղություն ունեցող:   

 

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախկին գործընկերներ-պատգամավորների պատճառով ստիպված է 4-րդ անգամ խորհրդարան բերել եւ ներկայացնել միեւնույն նախագիծը: «Հրազդան Ցեմենտ» գործարանի արտոնությունների հարցը, հիշեցնենք, դաշնակցական նախարարի առաջին օրենսդրական նախաձեռնությունն էր պաշտոնավարումը ստանձնելուց հետո: Անցած քառօրյայում վերջին՝ երրորդ ընթերցմամբ  պատգամավորներն անակնկալ մերժեցին այս օրինագիծը, ուստի նախաձեռնությունն այժմ արտահերթ օրակարգով կառավարությունը կրկին վերադարձրել է խորհրդարան՝ առաջին ընթերցմամբ քննարկելու համար:

Հարցի ներկայացման ժամանակ նույնիսկ զգացվում էր նախարար Արծվիկ Մինասյանի նեղվածությունը: «Ես շատ լավ կհասկանայի, եթե էկոնոմիկայի նախարարին քննադատեին, թե ինչու տնտեսության մյուս ոլորտներում էլ այս տիպի լավ նախաձեռնություն չեն անում: Բայց քննադատել մի բանի համար, որն իսկապես նպատակ ունի այս հսկան փրկել, սա ուղղակի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է. կամ բավարար տեղեկատվացություն չունենալու պատճառով է, կամ կանխամտածված իրականությունը խեղաթյուրելու մոտեցում»,- ասում է։

Հիշեցնենք, որ  գործարանը վերագործարկելու նպատակով առաջարկվում է գործարանի միակ բաժնետեր «ՎՏԲ բանկ»- ին ազատել հարկերի գծով առաջացած տույժերից: Խոսքը 504 միլիոն 923 հազար 400 դրամ գումարի մասին է: Նախարարն ասում է՝ ի սկզբանե հարցը սխալ է հասկացվել եւ ձեւավորվել է թյուր կարծիք: Ներվում է չվճարումների պատճառով առաջացած տույժը, այլ արտոնություններ նախատեսված չեն՝ ասում է։

Սա է միակ նախապայմանը գործարանը վերագործարկելու, 470 աշխատատեղը պահպանելու եւ այս ոլորտը մենաշնորհից ազատելու համար, հիմնավորում են նախաձեռնության կողմնակիցները: Թեեւ հարցը քննարկվել է մի քանի անգամ, բայց այսօր էլ նախարարին հարց ուղղելու համար գրանցվեց 10 պատգամավոր: Նրանցից Խաչատուր Քոքոբելյանը չթաքցրեց՝ կողմ է, որ գործարանը շարունակի աշխատել, բայց նախագծին «կողմ» չի քվեարկել պարզ տրամաբանությամբ: «Ֆինանսական պիրամիդա է առաջացել: Մեղմ ասած՝ պարտքատեր կա, որը հստակ առաջացրել է այդ պարտքերը հասկանալով հանդերձ: Այստեղ պատասխանատվության ենթարկված մարդ չկա»:

Թեեւ այս անգամ էլ նախագիծը երկար ճանապարհ ունի անցնելու, բայց, կանխատեսումների համաձայն, այս անգամ խորհրդարանն այն ամենայն հավանականությամբ կընդունի: Վաղն առավոտյան՝ քվեարկությունների ժամին, առաջին ընթերցմամբ կընդունվի նաեւ «պարտադիր կուտակային» կենսաթոշակների պարտադիրի գործարկման ժամկետը  մեկ տարով հետաձգելու հարցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորեց, որ հետաձգումը պայմանավորված է հարկային փաթեթի փոփոխությամբ եւ որպես հետեւանք՝ համակարգերի համապատասխանեցման գործընթացով:

Կասկածները, թե  գործադիրը գնում է այս քայլին նախընտրական խնդիրներից ելնելով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ  դժոհություններից խուսափելու համար, նախարարը կտրականապես մերժեց:

Հիշեցնենք, որ «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը պետք է համատարած կիրառվեր այս տարվա հուլիսի 1-ից, բայց առաջարկվում է վերջնաժամկետը սահմանել 2018 թվականի հուլիսի 1- ից: Նախարարի ներկայացրած բացատրությունը չհամոզեց մի շարք պատգամավորների:

Պարտադիր կուտակային համակարգի ժամկետների հարցը վերածվեց լուրջ քննարկման, ավելի ճիշտ՝ համակարգի քննադատության: Հիշեցնենք, որ բազմաթիվ ցույցերի, բողոքների, Սահմանադրական դատարան դիմելու ուղեկցությամբ վիճահարույց համակարգը սկսել է գործել 2014 թվականից: Այս տարվա մարտի 1-ի տվյալներով՝ համակարգն ունի 143 580 մասնակից, հավաքագրվել է 36 միլիարդ դրամից մի քիչ ավելի է:

Ի դեպ՝ կամավոր, սեփական նախաձեռնությամբ համակարգին, մարտ ամսվա տվյալներով, միացել է ընդամենը 235 անձ: Եվ հենց այս թիվն է, ըստ պատգամավորների, լավագույնս վկայում համակարգի հանդեպ հասարակության անվստահության մասին:

Կարդացեք նաև

Back to top button