
Ադրբեջանական հրամանատարությունը ապրիլի 1- 2- ին իրենց ԶՈՒ առաջ խնդիր էր դրել մխրճվել ՊԲ թիկունք եւ հնարավորինս մեծ տարածք նվաճել՝ հայտարարել է Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման այսօրվա հյուրը՝ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։ Հաղորդումը եթերում կհնչի այսօր ժամը 19- ին։
Բաքուն ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ժամանակ նպատակ ուներ Մարտակերտի ուղղությամբ հասնել մինչեւ Սարսանգի ջրամբար, կենտրոնական ուղղությամբ Ակնան (Աղդան) եւ Ասկերանի մտաույցներ, հարավաում՝ Դիզակն (Ֆիզուլի) մինչեւ Ջրական (Ջաբրայիլ)։ «Իրականում նրանք կարողացան մեր պաշտպանության առաջին էշելոնի մի քանի հենակետ վերցնել։ Եթե հրադադարը դիցուկ հաստատվեր ոչ թե ապրիլի 5- ի ժամը 12- ին, այլ օրինակ ժամը 13- ին, կամ 14- ին, կամ ավելի ուշ, գուցե այդ դիրքերն արդեն իրենցը չլիներ։ Այսինքն՝ սկզբունքորեն իրենք ամսի 5- ի ժամը 12- ին իրենց դեմքը փրկեցին»,- ասել է Դավիթ Ջամալյանը։
Նա շեշտել է, որ հատկապես պետք է զգոն լինել հետտոնական շրջանում։ Այժմ շփման գծում հարաբերական անդորր է։ Պաշտպանության նախարարի խորհրդականը նշել է, որ ադրբեջանական բանակի կուտակումների մասին երբ խոսում ենք, չի նշանակում հարձակման նախապատրաստվածություն։
Դավիթ Ջամալյանը շեշտել է, որ հասարակությունը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, հատկապես, երբ փրուն հրադադարը հիմնված է Ադրբեջանի եւ Հայաստանի ԶՈւ շտաբերի պետերի բանավոր պայմանավորվածության վրա։ Ըստ նրա՝ Ադրբեջանին այսօր զսպող միակ ուժը մեր Զինված ուժերն են։
Պատասխանելով հաղորդաշարի հեղինակ քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխգործակցության պայմանագրի կնքման մասին հարցին՝ Դավիթ Ջամալյանը նշել է, որ ՀՀ ռազմական դոկտրինոով եւ ազգային անվտանգության ռազմավարությամբ Հայաստանն իրեն հռչակել է Արցախի ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած ուղու երաշխավոր, եւ իրավական այս առումով ռազմական փոխգործակցության պայմանագիրը ռազմաքաղաքական հետագա զարգացումներով պայմանավորված կարող է կնքվել։ Այս պահին ամեն ինչ պատրաստ է դրան՝ ասել է։




