
Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակին արժանացել է ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։ Այս մասին հայտնում է imc լրատվական կայքը։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարքարանում:
Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 25-ին Թուրքիայի նախարարների խորհրդի կայացրած որոշմամբ, ի թիվս մի քանի հազար այլ շինությունների, պետականացվեց նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին միջին արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցու պատերի արձանագրություններում կառուցման տարեթիվ նշվում է 1515-18թթ.: 18-րդ դարում նորոգվել, նույն դարում նաև վերակառուցվել է, ևս մեկ ագամ վերակառուցվել է 19-րդ դարում:
Եկեղեցու առաջին գմբեթը կայծակնահար է եղել: 29 մետր բարձրությամբ նոր գմբեթը’ ոսկեզօծ խաչով 1915-ին թնդանոթով պայթեցրել են շրջակա մզկիթների մինարեթերից ավելի բարձր չերևալու համար:
1915 թվականից հետո Սուրբ Կիրակոսը կիսավեր վիճակում է գտնվել և չի գործել: Առաջին աշխարհամարտի տարիներին օգտագործվել է որպես զինանոց, պատերազմից հետո’ իբրև մթերանոց, ինչի հետևանքով բոլոր արժեքավոր իրերը կորել են:
1950-ականներին հայերի ջանքերով այն կրկին վերաբացվել է: 1960-ին եկեղեցին վերադարձրել են Դիարբեքիրի հայությանը: Քաղաքում մնացած հայերի նկատմամբ ճնշումների պատճառով մինչ 1990-ականները հայերի մեծ արտահոսք է սկսվել, ինչի հետևանքով եկեղեցին հանձնվել է տարեցների խնամքին և սկսել աստիճանաբար փլվել: Պատրիարքարանը մաքրել է եկեղեցին փլատակներից, կազմվել է նաև վերանորոգման նախագիծ, ինչը, սակայն, չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:




