
Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու դրան ուղեկցող բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար, հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ- ն՝ պատասխանելով Բաքվի՝ շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այց կազմակերպելու մասին news.am- ի հարցին։
«Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։
Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ։
ԼՂՀ իշխանություններն պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ պատասխանում։




