Հասարակություն

«Աստված պահի բոլոր զինվորներին». Համբարձման տոնի այս օրվա մաղթանքը

hasmikmartirosyan

Այս տարի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է մայիսի 5-ին: Տոնը նշվում է Ս. Զատիկին` Քրիստոսի Հարությանը հաջորդող 40-րդ օրը, երբ Տերն իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը և համբարձվեց երկինք: Համբարձման տոնը նաեւ ազգային նշանակություն ունի, ու հայտնի է Վիճակ կամ Ջանգյուլում անուններով:

 

Համբարձման տոնը նշվում է Հիսուս Քրիստոսի հարության 40-րդ օրը։  Ըստ Ավետարանի, Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին ու ուսուցանում իր վարդապետությունը։ Վերջին հանդիպման ժամանակ նա օրհնում ու պատգամներ է ուղղում առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Մատաթյա քահանա Գասպարյանը  «Ռադիլուրին» հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Մայր աթոռը  Սիս քաղաքից Սբ. Էջմիածին փոխադրելը: 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Սբ. Էջմիածնում:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում՝ գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ:

Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Աղջիկները ջրով լի կժերի մեջ գցում էին իրենց պատկանող իրերը, թողնում լուսնի լույսի տակ, հաջորդ օրը դաշտերից հավաքում էին ծաղիկներ, մի աղջկա հագցնում հարսի շոր, վերցնում ծաղկեփնջերով լի սկուտեղը, վիճակի կուժն ու շրջում համայնքում, ջան գյուլում ասում, վիճակ բաժանում, դրամ հավաքում, իսկ ավելի ուշ իրենց վիճակը հանում կժից: Համբարձման տոնն ակսօր նշել են Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի  6-րդ դասարանի աշակերտները:

Խախտելով ավանդույթը՝ առանց հարսի շորի երեխաները փողոցում գովերգել են անցորդներին ու ծաղիկներ ու ժամանակի հրամայականով պայամանվորված մաղթանքների թերթրիկներ  նվիրել: Երեխաների այսօրվա բարեմաղթանքը խիստ արդիական է. «Աստված պահի բոլոր զինվորներին»:

Կարդացեք նաև

Back to top button