

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին: «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը: Այս տիրույթում կայքեր գրանցելու կամ գրանցված կայքեր այցելելու մեկ պարտադիր պայման կա` գրել մեսրոպատառ: Հիշեցնենք, որ «.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:
Այսօրվանից «.am» դոմենային գոտուց բացի կունենանք նաեւ «.հայ» դոմենային գոտին: Հայատառ նոր դոմենի գրանցման գործընթացը սկսվել է 2012-ին, մանրամասնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը ու հիշում` դժվար հարց էր դոմենային անվան ընտրությունը: «Երկար քննարկումների արդյունքում որոշեցինք, որ ամենագեղեցիկ տարբերակը հենց «հայ»-ն է», -ասում է: Սաղյանը շեշտում է, որ դոմենային նոր տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել: Սա նաեւ հայերենով գրելը խթանելուն ուղղված քայլ է, որպեսզի եթե օգտատերերը ցանկանում են իրենց կայքն անվանել ասենք «ծիածան.հայ» կամ «ճնճղուկ.հայ», խնդիր չունենան լատիներենից համանման հնչողություն ունեցող տառեր ընտրել: Իսկ եթե արտասահմանում ես ցանկանում այցելել «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքեր, անհրաժեշտ է հայկական ստեղնաշար տեղադրել, ինչի հնարավորությունը Windows-ը տալիս է: Որքանո՞վ անվտանգ կլինի ինտերնետային նոր տիրույթը, հետաքրքրվեց «Ռադիոլուր»-ը: «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյան.«Անվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ-ն, եւ բնականաբար, անվանումների հետ կապված բոլոր հարցերը կարգավորված են»:
«.հայ» դոմենային գոտին գործարկելուն զուգընթաց տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկել է բոլոր պետական մարմիններին` իրենց պաշտոնական կայքերի անունները զուգակցել նաեւ «.հայ» դոմենային գոտում գրանցված հասցեով: «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը: Գրանցման արժեքի հետ կապված, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի փոխանցմամբ` «Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է»:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը կարծում է, որ հայատառ նոր դոմենային գոտու ստեղծումը նշանակալի դեր կունենա ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում, կնպաստի հայերենի տարածմանը` անուղղակիորեն պարտադրելով, որ հայերեն ստեղնաշար կիրառեն, հայկական տառատեսակներ ներդնեն: Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված ինը գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են:




