

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: «Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության այս տարվա զեկույցի համաձայն` տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատությամբ զիջում է միայն Վրաստանին: Մեր երկրի ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ նիշով, բայց իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է: Ինչ միտումներով է բնորոշվում հայաստանյան մեդիա դաշտը, որոնք են հիմնական խնդիրները, ինչ դրական փոփոխություններ կան՝ այս հարցերի մասին «Ռադիոլուրը» զրուցել է ոլորտի մասնագետների ու նաև լրատվությունը սպառողների հետ:
Լրատվական դաշտն այսօր խիստ բազմազան է՝ ազատության, որակի, պրոֆեսիոնալիզմի տարբեր ու հակասական դրսևորումներով: Ընկալումը, որ կար խորհրդային տարիներին, թե եթե թերթում են գրել կամ հեռուստացույցով են ասել, ուրեմն ճիշտ է, վաղուց արդեն փոխվել է: Այժմ խնդիրը բազմազանության մեջ ճիշտ կողմնորոշվելն է:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է ՝ այսօրվա մեդիան խելացի ընթերցող է պահանջում: «Լրատվական դաշտը բազմազան է, պահանջում է մտածող ընթերցող, որը կարողանա տարբերել մանիպուլիացիան իրական լրատվությունից, քաղաքական քարոզչությունը փաստից»:
Մելիքյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ հայաստանյան լրատվամիջոցները կարողանում են կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ հանրությանն ապահովել լրատվությամբ, բայց շատ են խնդիրները: Հարցին, թե որն է լրատվադաշտի հիմնական խնդիրն այսօր, մեդիա մասնագետները 1-2 -ի թվարկումով չեն սահմանափակվում: Նշում են թե ֆինանսների պակասի հարցը, թե որակի խնդիրը, խոսում են օրենսդրական բացերի մասին։
Որպես վերջին տարիների լրջագույն խնդիր առանձնացնում են ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության մեծացումը: Կուսակցական լրատվամիջոցն արդեն դաշտում սովորական է դառնում: «Լրատվական դաշտը բաժանված է քաղաքական և տնտեսական ճամբարների, ավելի շատ սպասարկում են այդ շրջանակների, քան՝ հանրության շահերը: Կուսակացական թերթեր , կայքեր կարող են լինել, բայց կուսակցական հեռուստաընկերությունները նոնսենս են»:
Դաշտը բնորոշող ընդհանուր միտումները, ըստ փորձագետների, վերջին տարիներին նույնն են ՝ պակաս ազատ են հեռարձակվող լրատվամիջոցները, բայց ամենամեծ լսարանն ունեն, որակյալ լրագրություն ապահովում են տպագիր լրատվամիջոցները , բայց ամենափոքր լսարանով, և համարյա հեղափոխություն անում են առցանց լրատվամիջոցները:
Aravot am կայքի գլխավոր խմբագիրը, որ առցանց լրատվության դաշտ մտել է տպագիր մամուլից, շարունակում է կարծել, որ որակյալ լրատվությունը հենց տպագիր մամուլում է : Բայց, ասում է, անցել են ժամանակները, երբ թերթերը մեծ տպաքանակներով հրատարակվում էին, իսկ ընթերցողների մեծ բանակ էլ պարտադրված էր ընթերցող լինել: Հիմա դաշտում եղանակ ստեղծողն առցանց լրատվամիջոցներն են:
Աննա Իսրայելյանը կարծում է , որ որոշ կարգավորումներ այս դաշտում պարզապես անհրաժեշտ են: Իսկ լա՞վ է թե՞ վատ կայքերի այս քանակն ու նման աճը: «Վատ է, որ քիչ են բովանդակություն արտադրող կայքերը, շատանում են սոցիալական ցանցերից գրառումներ պատճենող, այլ լրատվամիջոցներից սենսացիոն վերնագրերով իրենց կայքերում նյութերը վերարտադրող լրատվամիջոցները: Ես միայն ուրախ կլինեի, եթե սեփական բովանդակությամբ կամ այդպսիսի հավակնություն ունեցող լրատվամիջոցները շատանային, բայց, ցավոք,այդպես չէ»:
Դիտարկմանը, թե դաշտը խելացի ընթերցող է պահանջում, aravot.am-ի խմբագիրն արձագանքում է , թե միշտ է այդպես եղել։ Բոլոր ժամանակներում էլ լրատվադաշտը կողմնորոշվող, մի քանի աղբյուրից ստացած տեղեկատվությունը համադրել կարողացող ընթերցող պահանջել:
Հիմա այլ միտումներ են երևում: «Մի անգամ չալարեցի ու լսեցի գործընկերներիցս մեկի պատրաստած հարցախույզը, թե մարդիկ ինչ լրատվամիջոցների են հետևում: Հետաքրքիր միտում տեսա: Ուղիղ կայքեր մտնորղների քանակը խիստ փոքարնում է, մարդիկ լրատվամիջոցներին հետևում են սոցիալական ցանցերի միջոցով, նրանց միջնորդությամբ , միայն վերնագրերով: Ի սկզբանե չունենալով այդ նպատակը և ստեղծված լինելով միայն շփման համար, ստացվում է, որ այսօր ամենաազդեցիկը ֆեյսբուքն է»:
Որ ֆեյսբուքը դարձել է ամենաազդեցիկը, ապացուցեց նաև մեր փոքրիկ հարցախույզը: Որակյալ լրատվության պահանջ փորձագետները, ասում են, կա, բայց նաև վստահ են՝ դաշտը կշարունակի անհասկանալի մնալ, քանի դեռ իսկապես անկախ ու էթիկական կանոններով աշխատող լրատվամիջոցները առաջատար դիրքերում չեն:




