ԿարևորՔաղաքական

Ո՞րն է եղել ՀՀ նախագահի եւ ՀՀԿ խմբակցության հանդիպման թեման. ԱԺ ճեպազրույցներում

lusinevasilyan

Ինչպես խորհրդարանական  ողջ քառօրյան, այնպես էլ այն  ամփոփող ավանդական ճեպազրույցներն այսօր երկու առանցաքային թեմա են ունեցել՝ սահմանային իրավիճակ ու ընտրական օրենսգիրք: Քաղաքական ուժերը գիտեն, որ ընտրական օրենսգիրքն այսօր հանրությանը հուզող  ամենակարևոր խնդիրը չէ, բայց նաև խոստովանում են, որ շահագրգիռ կողմ են ու  ստիպված են քննարկել այն, քանի որ 2017-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված: Ճեպազրույցների ժամանակ խոսվել է ոչ միայն ընտրական օրենսգրքի, այլ նաև քառօրյայի ընթացքում օրինագծերից մեկի տապալման,  հանրապետության նախագահի ու հանրապետական պատգամավորների  փակ հանդիպման մասին: 

 

Հանրապետության նախագաhի և ՀՀԿ խմբակցության օրերս կայացած  հանդիպումը կազմակերպվել է պատգամավորների խնդրանքով,  Սերժ Սարգսյանը նոր մանրամասներ է ներկայացրել  սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ էության, հերքելով լրատվամիջոցների այն վարկածը, թե հանդիպման ժամանակ պատգամավորները նախատինքի խոսքեր են լսել:

Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհերքեց , որ հանդիպմանը քննարկվել է    օրենսդրական  աշխատանքում թերանալու հարցը:  Առիթը «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու նախագծի տապալումն էր վերջին ընթերցմամաբ այս  քառօրյայի ընթացքում: Վահրամ Բաղդարասրյանը սա ձախողում  չի համարում, ասում է՝ պարզապես խորհրդարանական ընդդիմությունը օգտվեց իրավիճակից:   «Նախագծի տապալումը ընդդիմության թուլությունն էր, որ ցույց տվեցին, թե իրենք էլ են կարողանում մի բան անել։ Հաշվեցին, որ ՀՀԿ-ականներից 12 հոգի սահմանին է, ՀՅԴ-ականները գործուղման են, և անակնկալի բերեցին: Բայց խնդիր չի, նորից կգա ԱԺ և կտեսնեք համախմբվածությունը և թե այդ բոյկոտողներից քանիսն են կողմ քվեարկում»:

Պատգամավորներից 98-ը երեկ կողմ քվեարկեց Ընտրական օրենսգիքն առաջին ընթերցմամբ ընդունելուն: Վահրամ Բաղդասարյանը սա արդեն կոնսեսնսուսի դրսևորում է համարում՝ արձագանքելով հարցին, թե ինչ քայլերի  է  պատրաստ իշխանությունը Ընտրական օրենսգրքի շուրջ փոխհամաձայնություն   ձևավորելու  համար: «98 կողմն արդեն կոնսենսուս է: Կա՞ր որևէ ֆրակցիա, որի կազմում կողմ քվեարկածներ չլինեն»:

ՀԱԿ-ից կողմ քվեարկել է միայն Լյուդմիլա Սարգսյանը:  Խմբակցությունում, սակայն , կարևորում են ոչ թե կողմ ձայների քանակը, այլ այն, թե ինչպես կազմակերպվեց քվեարկությունը: Նման քայլերով կոնսենսուս չեն ձևավորում՝ ասում է Լևոն Զուրաբյանը ՝ երեկվա քվեարկությունը աճպարարություն որակելով:  «Ընտրական օրենսգքրի քվեարկությունը կատարվեց ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումներով : Եվ անընդունելի են այն բացատրությունները, թե միևնույնն է արդյունքը նույնն էր լինելու: Նման քայլերով միասնականություն չեն հաստատում»:

ՀԱԿ-ում  համոզված են, որ հնարավոր կոնսենսուսը պետք չէ թաղել, կարծում են  այն ձևավորելու պատասխանատվությունը իշխանություններին է: Այս առիթով  Լևոն Զուրաբյանն այսօր  երկու ուղերձ հնչեցրեց՝  մեկը իշխանությունների համար, մյուսը՝ ընդդիմադիրների: Իշխանություններին սթափվելու և աճպարարություններից հրաժարվելու կոչ են անում, ընդդիմադիրներին հորդորում են փոխադարձ մեղադրանքներով չզբաղվել: «Այն, ինչ կատարվում էր երեկ, երբ ընդդիմությունը զբաղված էր փոխադարձ մեղադրանքներով, անընդունելի էր»:

Ընդդիմադիրների բաժանման  կամ  դասակարգման մասին երեկ խորհրդարանում խոսում էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը:  Ճեպազրույցների ժամանակ արդեն ոչ թե Նաիրա Զոհրաբյանը, այլ Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի դիրքորոշումն ամփոփեց.   խմբակցությունում ընտրական օրենսգրքի նախագծի ավելի շատ կողմ են, քան՝ դեմ, կարծում են, որ փոխզիջումներ եղել են, փորձելու են աշխատել, որ հնարավորինս շատ առաջարկություններ ընդունվեն:

Ինչ վերաբերում է հնարավոր   կոնսենսուսը չթաղելու հորդորին, ապա  Մելքումյանը  կարծում է, որ մեր իրողություններում լիակատար համախմբում  կա  միայն Ղարաբաղին ու նրա անվտանգությանն առնչվող հարցերում: Ընտրականի հարցում կոնսենսուսի գտնելը, Մելքումյանի  կարծիքով, բավականին բարդ է: Հետևաբար որպես պրագմատիկ գործիչ ՝ անքանով-որքանով բանաձևն է առաջարկում: «Կոնսենսուսները հնարավոր են այնքանով, որքանով դրա համար պայմաններ կան: Ես որպես պրագմատիկ գործիչ միշտ այդ մոտեցմամաբ եմ առաջնորդվել»:

Խորհրդարանակն ուժերը պատրաստ են առաջնորդվել   ոչ միայն պրագմատիզմով, այլ նաև ջենթլմենական համաձայնություններով: Առաջարկն արվել է դաշնակցական Աղվան Վարդանյանի կողմից ՝ ջենթմենական համաձայնության գալ, փաստաթուղթ ստորագրել ՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ չբաժանելու ու կեղծիքների չդիմելու մասին : Բոլորն առաջարկին, ասում են, կողմ են:

Կարդացեք նաև

Back to top button