Քաղաքական

Ի՞նչ անել՝ խորհուրդ են տալիս նախկին վարչապետերը

lenabadeyan

«Ուռա հայրենասիրությամբ» ընդունված որոշումների փոխարեն նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհուրդ է տալիս ամեն ինչ ճիշտ հաշվարկել եւ անել մի քանի անհրաժեշտ քայլ: Իրեն խորհուրդ տալու իրավունք է վերապահում, քանի որ հիշեցնում է՝ արցախյան առաջին պատերազմի հաղթանակները սկսվել են հենց իր վարչապետության օրոք: «Իմ աշխատանքի 70 տոկոսը ոչ թե ռեֆորմներն են եղել, այլ հենց բանակը»,- ասել է Հրանտ Բարգատյանը: Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը որեւէ խորհուրդ չի տալիս, թեեւ նշում է, որ ժամանակ առ ժամանակ գործող վարչապետի հետ հարցեր քննարկելու հնարավորություն ունենում է:

 

Այս շաբաթվա սկզբին նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ 80-ական զենքերի պատճառով չէ, որ հայ զինվորները զոհվել են: <Զոհվել են, որովհետեւ գիշերային տեսողության սարքեր չկային>,- օրինակ է բերել պատգամավորը: Նա հիշեցնում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմի հաղթանակները սկսվել են իր վարչապետության օրոք: Չի պատրաստվում պատերազմական այս թեժ օրերին խոսել անհրաժեշտ պաշտոնանկությունների մասին։ Այս պահին դա ճիշտ չի համարում, բայց պարտավորված է բարձրաձայնել թույլ տրված որոշ սխալների մասին։

Ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքի ընդունումից մեկ տարի անց դեռ կազմակերպական հարցեր են իրականացվում, ասում է՝ շարունակելով՝ «կարիք չկար 18 տարի առաջ ունեցածը քանդել, որ նույնը կառուցվի»:

«Գիշերային տեսնող սարքերը մենք ունեցել ենք «Օրբիտա» գործարանում: Խորհրդային Միությունում մոնոպորիա էր, հենց Հայաստանն էր արտադրում: 90-ականների սկզբին այդ գործարանը դեռ աշխատում էր եւ իմ խնդիրը չէ, թե ով պետք է կազմակերպի այդ գործարանի աշխատանքը: Երեւի ես դրանով պետք է զբաղվեմ, չնայած, ես կառավարություն չեմ ուզում գնամ»:

Ի վերջո՝ ռազմական արդյունաբերության մեջ ինչ ներուժ նունենք, որ կարելի է օգտագործել. «Ռադիոլուրը» փորձեց նախկին վարչապետերից Խոսրով Հարությունյանից նույնպես ճշտել, արդյո՞ք «առաջին անհրաժեշտության» սպառազինությամբ՝ լինի դա փամփուշտ, գիշերային տեսողության կամ անօդաչու սարքր, կարող ենք ինքներս մեզ ապահովել: «Չգիտեմ «Սմերչ» ունենալն է անհրաժեշտ, թե՞ թռչող սարքերը։ Ես դրա մասնագետը չեմ: Ես խիստ կասկածում եմ, որ մենք կկարողանանք ծավալուն սեփական ապահովումն իրականացնել՝ հաշվի առնելով սովետական տարիներին մեր ռազմարդյունաբերական համալիրի ներգրավվածությունը: Չի նշանակում, որ մենք փամփուշտ չենք կարող արտադրել: Ճիշտ ասսած ես չգիտեմ, իսկ միգուցե մենք արտադրու՞մ ենք: Ես գիտեմ, որ մենք ունենք օպտիկական սարքերի լավ հետաքրքիր մշակումներ, որոնք օգտագործվում են զենքի վրա։ Ծավալների մասին տեղյակ չեմ, միգուցե իմաստ էլ չունի, որ տեղյակ լինեմ»։

Ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացումը նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը տեսնում է բացառապես Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներում՝ հաշվի առնելով, որ ռուս-ուկրաինական խզված հարաբերությունների բացը որոշ ուղղություններով Հայաստանը կարող է լրացնել: Դա է ամենահավանականը համարում:

Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերի քաղաքական կողմին, ապա, ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ճիշտ չէ ապրիլյան դեպքերն անվանել «չորսօրյա պատերազմ»։ Խորհուրդ է տալիս հաշվել եւ տեսնել՝ 27-րդ օրն է, ինչ շարունակվում է: Բայց նույնիսկ այս պարագայում նախկին վարչապետը խորհուրդ է տալիս բանակցություններից կտրուկ չհրաժարվել, թեեւ այս օրերին ինքն էլ է աչքի ընկնում կտրուկ հայտարարություններով՝ ընդուպ մինչեւ միջուկային զենք ստեղծելու հնարավորությունների մասին:

Հրանտ Բագրատյանը պնդում է, որ այս պահին անհրաժեշտ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու նաեւ՝ կոնկրետ զարգացումների դեպքում, պատրաստ լինել դուրս գալ ԵՏՄ-ից: Փորձում է իր վերլուծություններով բացահայտել, թե «ինչ թակարդի մեջ ենք հայտնվել»:

«Չթաքցնենք՝ հայ-ռուսական հարաբերությունները հիմա վատացել են եւ գնալով սրվելու են: Պուտինը ձեռնարկել է հետեւյալը՝ ստեղծում է Եվրասիական կոնտինենտի մեջտեղում մի տարածք, առանց որը շրջանցելու Եվրասիական մայրցամաքի արեւմուտքն ու արեւելքը չեն կարող իրար հետ շփվել: Լավրովը պլանով չեկավ: Ի վերջո՝ Մոսկվայում վերլուծեցին եւ մտածեցին, որ մի բան պարզ է՝ եթե այսպես վարվենք՝ Հայաստանը հաստատ կորցնում ենք։ Կստանան Ադրբեջանը, թե չէ՝ պարզ չէ»։ Եվ հենց այս դեպքում, ըստ նախկին վարչապետի, Հայաստանին մնում է հրաժարվել ԵՏՄ-ից,  ՀԱՊԿ-ից, Գյումրիի ռուսական ռազմաբազայից եւ ռուսաստանյան այլ կառույցներից:

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այս հարցում խորհուրդ է տալիս լինել ավելի շրջահայաց: «Անշուշտ, մենք խնդիրներ ունենք մեր Ռուսաստանի գործընկերների առջեւ բարձրացնելու, բայց ես ուզում եմ ասել, որ մի բան ակնհայտ է՝ մենք Ռուսաստանի համար անհրաժեշտ ենք, որովհետեւ առանց Հայաստանի ինքը չի կարող ապահովել հարավային ուղղությամբ ռազմավարական հետաքրքրությունների իրացումը՝ իր ռազմաքաղաքական ազդեցությամբ ընդհուպ մինչեւ Պարսից ծոց:  Ինչպես նաեւ մենք մեր անվտանգության բազմաթիվ հարցեր չենք կարող արդյունավետ լուծել առանց Ռուսաստանի հետ արդյունավետ համագործխակցության»։

Ի դեպ՝ ժամանակին Հայաստանում ստեղծվել էր «Վարչապետերի ակումբ»: Թերեւս հավաքվել են մեկ անգամ, քննարկել են արդիական հարցերն ու խնդիրները, ներկայացրել առաջարկներն ու այդքանով գործը համարվել ավարտված։ Այս օրերին Վարչապետերի ակումբի անդամները չեն հավաքվել եւ չեն քննարկել առաջացած նոր խնդիրները: Աշխատանքային գործունեությունից ելնելով՝ նախկիններն ու ներկաներն անընդհատ հանդիպում են եւ հարկ նեղած դեպքում նաեւ մտքեր փոխանակում:

Կարդացեք նաև

Back to top button