

Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվեց ռազմական տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտ, առանձնացվեցին ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները: Որո՞նք են դրանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ ինչպիսի՞ ապագա ունի Հայաստանի ռազմարդյունաբերությունը։
Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում և չեզոքացնում, հարձակողական զենքերի մշակում, բանակի կառավարման խնդիրներ, կապի խնդիրներ, ինֆորմացիոն պատերազմ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հրատապ լուծում պահանջող խնդիրները լրագրողներին ներկայացնելուց անմիջապես հետո դրանք նաև ՊՆ է ներկայացրել: Նախարարի հետ հանդիպումից գոհ է, այն արդյունավետ է գնահատում։
Վարդանյանի փոխանցմամբ, մոտ 300 բարձրակարգ ինժեներներ ու 50 IT ինժեներական ընկերություններ են միացել նախաձեռնությանը: Հիմնականում ընդգրկել են փորձառու մասնագետների: Իսկ առաջարկները կյանքի կոչելու համար համապատասխան որոշումներ են անհրաժեշտ:
«Պետք է ազնվորեն արձանագրել, որ մեր երկրում ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված լուրջ խնդիրներ կան»,- ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և հատկապես զարմանում, որ խնդիրները տեխնոլոգիական ոլորտում են:
ԻՏՁՄ տնօրենը վստահ է՝ հայկական ՏՏ- ն ոչ միայն ռազմարդյունաբերական արտադրանք ստեղծելու, այլ նաև արտահանելու մեծ ներուժ ունի: Արտահանելով՝ նաև տնտեսությունը կզարգանա, կլուծվի զինված ուժերի ու ռազմարդյունաբերության ֆինանսավորման հարցը:
«Եթե մենք ցանկանում ենք ռազմարդյունաբերություն ունենալ, նաև պետք է ռազմարդյունաբերական արտահանում ունենանք, պետք է նաև ունենանք բարձր տեխնոլոգիական շատ լայն զարգացում, որպեսզի կարողանանք, վաճառելով մեր մտքի արդյունքները, հարկեր մուծել եւ այդ հարկերի հաշվին բանակ ունենալ: Հակառակ դեպքում, պարզ է, որ լոլիկի հարկերով չենք կարող բանակ պահել, դա իրատեսական չէ»։
Առաջնային լուծում պահաջող խնդիրներից բացի Կարեն Վարդանյանը միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մշակման անհրաժեշտություն է տեսնում: Նա կարծում է՝ «Հայաստանը պետք է հստակ իմանա, թե ինչ ծրագրերով շարժվի, որպեսզի 10 կամ 20 տարի հետո կարողանա անվտանգության հետ կապված հարցերը լուծել» ։
Անդրադառնալով զինված ուժերում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին ՝ թե Կարեն Վարդանյանը, թե Վիգեն Հակոբյանը կարծում են, որ եթե դրանք շարունակություն չունենան, ապա երեք պաշտոնյաները պարզապես քավության նոխազ են դարձել:
«Ես հույս ունեմ, որ միայն դրանցով չի ավարտվի, և միայն կադրային հարցերով չի ավարտվի։ Այս երկրում ի վերջո պետք է այն ավադույթը լինի, որ եթե կան նման հանցագործ դրսևորումներ, որի մասին բոլորն են խոսում, պետք է պատժվեն, որպեսզի էդ տեղը եկած մարդը նույն բանը չանի, որ իրեն հանելուց հետո չգնա Կարիբյան կղզիներում հանգստանա»,- ասում է Վիգեն Հակոբյանը,
Քաղտեխնոլոգը վստահ է՝ Ադրբեջանի զինված ուժերում խնդիրները, կոռուպցիան ու կաշառակերության դրսևորումներն ավելի շատ են: Նրա հետ համակարծիք է նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:




