

Մեդիա կենտրոնում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ «Պաշտոնանկություններ ՀՀ զինված ուժերում. հնարավոր պատճառներ և հետագա զարգացումներ» թեմայով: Բանախոսներից ՀՀ—ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական—խորհրդատու, Գառնիկ Իսագուլյանը կարծիք է հայտնել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջացած շատ հարցեր բարձրաձայնվել են, բայց շատ հարցեր էլ դեռ պետք է բարձրաձայնել: Իսագուլյանի գնահատմամբ՝ այսօր ԼՂ—ն այն լուսավոր կետն է, որից պիտի բոլորը օրինակ վերցնեն եւ այդ կոչն ուղղված է բոլորին: Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանն էլ հայտնել է, որ Հայաստանում եւ ԼՂՀ—ում կառավարման առումով կան տարբերություններ, սակայն, ինքը կարծում է, որ նույն արատները որոշակի չափով կան նաեւ ԼՂՀ—ում եւ դրանց մասին նույնպես պետք է մտածել ու հետեւություններ անել: Պետք է իսկապես սթափվել՝ հասկանալ, որ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն՝ համոզմունք է հայտնել պահեստազորի գնդապետը:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով ՊՆ-ում կատարված պաշտոնանկություններին, կարծիք հայտնեց, որ պաշտոնանկությունները պետք է շարունակվեն եւ շատ բարձր մակարդակներով:
Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է, քանի որ բանակը, հայ զինվորը արժանի են միանգամայն այլ մոտեցման: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը չի սկսվում այն խրամատից, որտեղ կանգնած է մեր զինվորը: Սկսվում է Աբովյան պողոտայից, Բաղրամյան պողոտայից, ես սա ասել եմ, կրկնում եմ՝ Կոմիտաս պողոտայից, Մաշտոցի պողոտայից, Մոնումենտի այն այգիներից, որտեղ կառուցվել են տներ»:
Մենք ոչ մի մետր տարածք Արցախում չենք զիջել, տեղի է ունեցել դիրքային փոփոխություն՝ հավելեց Գառնիկ Իսագուլյանը՝ շարունակելով, թե մենք տարածք հանձնել ենք Երեւանի պողոտաներում: Մեր զինվորներն անմահացել են, իսկ մահացել են նրանք, ովքեր այսօր Երեւանում են եւ ունեն շքեղ դղյակներ՝ ասաց նա՝ շեշտելով, թե պիտի կարողանանք դա ֆիքսել, հասկանալ ու ըստ այդմ գործել: «Պետք է մտածենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում եւ ինչ են արել Հայաստանում այն մարդիք, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում էդ ամեն ինչի համար»:
ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ համաձայն է Գառնիկ Իսագուլյանի շատ պնդումների հետ: Մասնավորապես, որ Արցախում ավելի լավ են կատարված աշխատանքները, քան Հայաստանում, որ՝ տարածքներ չեն հանձնվի, քանի որ դա է ուզում մեր բանակն ու ժողովուրդը:
Պահեստազորի գնդապետը նաեւ համակարծություն հայտնեց, որ ավելի մեծ շրջանակ պիտի պատասխանատվություն կրի: «Մենք պետք է արձանագրենք, որ հաղթեց հայ մարդը, հաղթեց հայ զինվորը, հայ զինվորականը եւ պարտվեց պետական կառավարման համակարգը, եւ պարտվեց կառավարող վերնախավը: Այս մակարդակում եթե մենք դիտարկենք պրոբլեմը՝ լրիվ ուրիշ տրամաչափի եզրակացություններ կանենք»:
Համակարգային փոփոխություններ եւ որակապես նոր քաղաքական վերնախավ պիտի ունենանք՝ ասաց պահեստազորի գնդապետը՝ եզրակացնելով, որ հակառակ դեպքում տեղում կդոփենք: Նրա ձեւակերպմամբ՝ որակական թռիչքի հրամայականի առաջ ենք կանգնած, իսկ դա հենց խրամատներից էլ պիտի սկսվի, որտեղից ստացված իմպուլսը պետք է զարգացվի:
Նրա խոսքով՝ ՊՆ-ում էլ կան նոր որակի մտածողություն կրող մարդիկ, որոնց հնարավորություն տալու դեպքում կարող են իրենց ուսերին բեռ վերցնել: Վարուժան Ավետիսյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ կոռուպցիան չի վերանալու, քանի որ դա պետության կառավարման ձեւ է, իսկ եթե դա շարունակվի՝ առաջ չենք գնա:
Գեներալներ հանել-դնելով ոչ մի բան չի փոխվի՝ կարծիք հայտնեց նա՝ հավելելով, որ պետք է մտածենք որակական փոփոխությունների մասին, ինչը կլինի, երբ ժողովրդական վստահություն լինի:




