ԿարևորՔաղաքական

ԱԺ քառօրյան ավարտվեց սկանդալով՝ առաջին ընթերցմամբ ընդունելով ԸՕ- ն

lenabadeyan

Խորհրդարանում այսօր աշխատանքն ավարտվեց սկանդալով եւ բուռն քննադատություններով։ Պատճառը՝ նոր ԸՕ-ի նախագծի քվեարկությունն էր, ինչից հետո իրավիճակը դահլիճում մի պահ դարձավ անվերահսկելի: Ժամանակի սղության պատճառով խորհրդարանի ղեկավարությունը որոշել էր նոր ԸՕ-ի նախագիծը քվեարկության դնել օրվա վերջում, քանի որ այսօր ավարտվում է քառօրյայի աշխատանքը: Մինչեւ հունիսի 1-ը, այսինքն՝ ԸՕ-ի ընդունման վերջնմաժամկետը, մնում է միայն մեկ քառօրյա, որը մեկնարկելու է մայիսի 16-ին, ուստի խորհրդարանը պետք է աշխատի հետ չմնալ օրակարգից:   

 

Ուղիղ 4 օր քննարկում, 40-ից ավելի ելույթ, մեկ խմբակցության բոյկոտ եւ օրվա վերջում քվեարկություն՝ 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ արդյունքով: Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում՝ մեծապես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ջանքերով։ Քվեարկությունից առաջ մտավ դահլիճ, քվեարկությունից առաջ որեւէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք չտվեց եւ նախագիծը երկու անգամ դրեց քվեարկության: Փաստաթղթի ընդունումը ազդարարելուց հետո հեռացավ դահլիճից՝ իրենից հետո թողնելով խառնաշփոթ:

Այս կարգով քվեարկության դրված եւ առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթուղթը, բնականաբար, միանգամից պիտակավորվեց եւ հարցականի տակ դրվեց դրա արդյունավետությունը: Իսկ մինչ այդ՝ իշխանության ներկայացուցիչները դժգոհողներին խոստացել էին՝ փոխհամաձայնություն կարող է ձեռք բերվել մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀԱԿ խմբակցությունը թեեւ բոյկոտում էր քննարկումները, բայց դեմ քվերկեց: «Օրինաց երկիր» խմբակցությունը որպես կառուցողական ընդդիմադիր մասնակցել է բոլոր ձեւաչափերով քննարկումներին, բայց ներկայացված հիմնական ու սկզբունքային առաջարիկները դեռ չեն ընդունվել, «ինչն էլ ձեւավորում է բացասական վերաբերմունք»՝ քվեարկությունից առաջ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Այլեւս իշխանության մաս կազմած Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդես եկեվ առաջարկով՝ ուղղված բոլոր քաղաքական ուժերին, ովքեր պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին: Ըստ դաշնակցականների՝ ԸՕ-ին պետք է օգնության հասնի այսպես կոչված «ջենթլմենական համաձայնագիրը»:

«Որեւէ օրենք կոռուպցիան ընտրակաշառքը չեն բացառելու, այստեղ այլ լուծում է պետք: Դաշնակցության անունից առաջարկում եմ 2017 թ խորհրդարանական քարոզարշավիօց առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են «ջենթլմենական համաձայնագիր», որ ոչ իրենք, ոչ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու»։

Դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց՝ նոր ԸՕ-ի մշակման աշխատանքներին մասնակցել են առանց աղմուկի, պաթետիկ հայտարարությունների ու նաեւ առանց մաքսիմալիստական՝ անիրականանալի պահանջների:

Դժգոհություններ փաստաթղթից դեռեւս կան, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ հաշվի առնել կոնկրետ առաջարկները։  Քաղաքական այս ուժը հստակ չէր որոշել, թե ինչպես են քվեարկելու, բայց շատերը նախընտրեցին «կողմ»-ի կոճակը: Դե իսկ խորհրդարանում «առավել ընդդիմադիր»-ին բացահայտելու մրցավազքի բոլոր մասնակիցներին տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ժողովուրդը վաղուց արդեն ամեն ինչ գիտի:

Հնչած բոլոր մեղադրանքներին ի պատասխան պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, թե ինչ կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ են քննարկել փաստաթուղթը, ինչ հսկայածավալ աշխատանք են կատարել՝ զարմանալով «կոնսենսուսի բացակայության մասին» բոլոր հայտարարություններից:

Հիշեցնենք, որ խորհրդարանը արագացված կարգով է քննարկելու փաստաթուղթը, քանի որ նոր ԸՕ-ի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

Կարդացեք նաև

Back to top button